ՀՀԿ-ն և ՕԵԿ-ը ստորագրել են կոալիցիոն համաձայնագիրը
31/05/2012 10:44
Նմանատիպ
Երեկ երեկոյան Հայաստանի Հանրապետական և Օրինաց երկիր կուսակցությունների նախագահներ Սերժ Սարգսյանի և Արթուր Բաղդասարյանի միջև կոալիցիոն համաձայնագիր է ստորագրվել: Համաձայնագրի տեքստում մասնավորապես ասվում է.
«Հիմք ընդունելով 2012 թվականի մայիսի 6-ի խորհրդարանական ընտրությունների արդյունքները, կարևորելով 2008 թվականի մարտի 21-ին ստորագրված քաղաքական կոալիցիայի համաձայնագրի ոգուն համապատասխան քաղաքական համագործակցության շարունակականությունը, նպատակաուղղելով ջանքերը երկրում կուտակված խնդիրները նախաձեռնողական և նորարարական մոտեցումները լուծելու ուղղությամբ, երաշխավորելու համար Հայաստանի Հանրապետության հաստատուն և առաջընթաց զարգացումը, ներհասարակական սոցիալական գործընկերության և համերաշխության ամրապնդումը 2012 թվականի խորհրդարանական ընտրությունների արդյունքում ՀՀ Ազգային ժողովում ներկայացված ներքոստորագրյալ կուսակցությունները (այսուհետ`քաղաքական կոալիցիայի կողմեր) կազմավորում են քաղաքական կոլաիցիա, որը ստանձնում է ՀՀ քաղաքական, տնտեսական, սոցիալական զարգացման պատասխանատվությունը:
Քաղաքական կոալցիայի կողմերը պարտավորվում են գործել ստորագրված համաձայնագրի շրջանակներում` իրականացնելով միասնական քաղաքականություն միմյանց հետ սերտ համագործակցությամբ` նպատակ ունենալով խորացնել ժողովրդավարական բարեփոխումները երկրում և արդյունավետ իրականացնել իրենց նախընտրական ծրագրերի համադրությամբ կազմված կառավարության գործունեության միասնական ծրագիրը:
Կոալիցիոն գործընկերները լիահույս են, որ համագործակցության սկզբունքներին համահունչ գործունեությունը մեծապես կնպաստի Հայաստանի Հանրապետության առջև ծառացած արտաքին և ներքին մարտահրավերներին ըստ արժանվույն դիմակայելու, ժողովրդավարական բարեփոխումները խորացնելու, հասարակության սպասումներն արադարացնելու գործին:
Քաղաքական կոալիցիան վերահաստատում է առաջիկա նախագահական ընտրություններում` ի դեմս Նախագահ Սերժ Սարգսյանի, միասնական թեկնածուով հանդես գալու որոշումը, դրանով իսկ իր քաղաքական կամքն ու վճռականությունն արտահայտում քաղաքական պատասխանատվություն ստանձնելու երկրի հետագա կայուն զարգացման, առաջընթացի և անվտանգության ապահովման, միջազգային ասպարեզում Հայաստանի Հանրապետության հեղինակության ամրապնդման գործում:
Սույն համաձայնագիրը գործում է ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովի լիազորությունների ժամկետում»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում