Մամուլն այսօր. Ի՞նչ փոփոխություններ կլինեն նախարարական պաշտոններում և կանցնի՞ արդյոք «ՀայՌուսգազարդ»-ի կառավարումը ռուսներին
Նմանատիպ
Հետընտրական զարգացումներ.
«Հրապարակ»-ը գրել է, որ կոալիցիոն նոր հուշագիր ստորագրելու նախօրյակին ՀՀԿ-ՕԵԿ բանակցությունների ընթացքում աշխատանքի և սոցհարցերի նախարարի պորտֆելն առաջարկվել է ՕԵԿ փոխնախագահ Հեղինե Բիշարյանին, սակայն վերջինս մերժել է` գտնելով, որ իր տեղն օրենսդիր մարմնում է: Նույն աղբյուրների փոխանցմամբ` Հեղինե Բիշարյանը մերժել է նաև ԱԺ փոխխոսնակի պաշտոնը` պատճառաբանելով կուսակցությունում իր զբաղվածությունը: Թե ՕԵԿ երրորդ պորտֆելը որը կլինի, և ով այն կստանձնի, պարզ կդառնա այսօր:
«Ժողովուրդ»-ը գրում է. «Սպասվում է, որ առաջիկա օրերին ԱԺ պատգամավորական մանդատից հրաժարական կտա Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը»: Թերթի լավատեղյակ աղբյուրները փոխանցում են, որ նա նշանակվելու է ՀՀ կապի և տրանսպորտի նախարար:
Ըստ թերթի մեկ այլ լուրի` Սամվել Նիկոյանն էլ կդառնա բնապահպանության նախարար:
«Հայկական ժամանակը» գրում է, որ նոր խորհրդարանում ԲՀԿ-ին բաժին է ընկնելու չորս հանձնաժողով, դրանք են` եվրաինտեգրման հանձնաժողովը, մարդու իրավունքների հանձնաժողովը, գյուղատնտեսական և բնապահպանական հանձնաժողովը ու տարածքային կառավարման և տեղական ինքնակառավարման հարցերի հանձնաժողովը: Եվրաինտեգրման հանձնաժողովում, ըստ թերթի, կառաջադրվի Նաիրա Զոհրաբյանը, որն, ի դեպ, նաև ԲՀԿ խմբակցության քարտուղարն է լինելու, մարդու իրավունքների հանձնաժողովում` Էլինար Վարդանյանը, գյուղատնտեսական հանձնաժողովում` Սամվել Բալասանյանը, տարածքային հանձնաժողովում` Ստեփան Մարգարյանը: ԲՀԿ-ն նաև երեք հանձնաժողովներում փոխնախագահ է ունենալու, բայց թե որտեղ ում է առաջադրելու` քննարկելու է այսօր:
Թերթը նաև անդրադարձել է հարցին, թե ԲՀԿ-ի թողած պաշտոններում ովքեր են նշանակվելու: Ըստ շրջող խոսակցությունների, Գեղարքունիքի մարզպետի պաշտոնում կարող է նշանակվել ՀՀ նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, իսկ Վայոց Ձորի մարզպետի պաշտոնում` Վայքի գործող ՀՀԿ-ական քաղաքապետ Հարություն Սարգսյանը:
«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունում խմորումները շարունակվում են: «Երկիր»-ի աղբյուրների փոխանցմամբ` ՀՀԿ խմբակցությունում երկու բևեռ է ձևավորվում: Մի բևեռը «բուն ՀՀԿ-ականներն» են, մյուսը` «ներգրավվածները»: Այսինքն` այն պատգամավորները, որոնք այլ ուժերի ներկայացուցիչներ են, բայց խորհրդարան են անցել ՀՀԿ համամասնական ցուցակով: ՀՀԿ-ականները բարիդրացիաբար չեն տրամադրված նրանց հանդեպ, և չեն ընդունում այդպիսի քաղաքական գործիչների առկայությունն իրենց ցուցակում: Երեկ` ԿԸՀ-ում, 5-րդ գումարման Ազգային ժողովի նորընտիր պատգամավորներին մանդատների հանձնման պաշտոնական արարողության ժամանակ նույնիսկ անզեն աչքով երևում էր, որ ՀՀԿ անդամ պատգամավորների և այդ մարդկանց միջև ընդհանուր շփումը սառն էր:
Զարմանազան.
«168 ժամ» թերթն անդրադարձել է այն փաստին, որ «ՀայՌուսգազարդ» ընկերությունը երեկվա դրությամբ չէր հրապարակել նախորդ տարվա ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: «Մինչդեռ այդ ընկերությանը կառավարության տրամադրած լիցենզիայի պայմանների համաձայն, «ՀայՌուսգազարդը» պարտավոր է յուրաքանչյուր տարի` մինչև մայիսի 30-ը, մամուլում հրապարակել նախորդ տարվա իր ֆինանսատնտեսական գործունեության հաշվետվությունը: Լիցենզիայի պայմանները խախտելու դեպքում նախատեսված են տույժեր նախազգուշացումից մինչև լիցենզիայից զրկում»,- գրում է թերթը:
Իսկ ընկերության մամուլի ծառայությունից թերթի թղթակցին ասել են, թե չգիտեն` երբ կհրապարակվի հաշվետվությունը: «Հաշվի առնելով այն տեղեկությունները, որ շրջանառվում են «ՀայՌուսգազարդի» ապագայի վերաբերյալ, հաշվետվության հրապարակումը հազիվ թե պայմանավորված է տեխնիկական անփութությամբ: Բանն այն է, որ արդեն երկրորդ տարին անընդմեջ` այս ընկերությունն աշխատում է հսկայական վնասներով, ինչի պատճառով, ըստ հավաստի տեղեկությունների, «Գազպրոմը» քննարկում է «ՀայՌուսգազարդում» ՀՀ կառավարության 20 տոկոս բաժնեմասը գնելու հարցը: Եթե դա իրականություն դառնա, ապա «ՀայՌուսգազարդի» կառավարումը ևս կանցնի ռուսներին»,- կանխատեսում է թերթը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում