Հովիկ Աբրահամյանն ընտրվել է ԱԺ նախագահ
31/05/2012 13:39
Նմանատիպ
Ազգային Ժողովի 5-րդ գումարման առաջին նիստին կայացել է ԱԺ նախագահի ընտրությունը, որի արդյունքները հրապարակվել են քիչ առաջ:
Ըստ այդմ՝ Հայաստանի հինգերորդ գումարման Ազգային Ժողովի նախագահ է ընտրվել Հովիկ Աբրահամյանը` 102 «կողմ» 4 «դեմ» և 4 «անվավեր» ձայների հարաբերակցությամբ: Քվեարկությանը մասնակցել է 110 պատգամավոր:
Այնուհետև առաջին նիստը վարող ամենատարեց պատգամավոր Մկրտիչ Մինասյանն իր տեղը զիջել է ԱԺ նախագահին, ով վերադարձել է մի քանի ամիս առաջ լքած իր աթոռին`ասելով հետևյալ խոսքերը. «Ճշմարտությունը հիվանդանում է, բայց չի մահանում»:
ՀՅԴ ներկայացուցիչ Արմեն Ռուստամյանը փակ քվեարկությունից առաջ տեղեկացրել է, որ իրենց կուսակցություն պատգամավորները չեն մասնակցել ԱԺ նախագահի ընտրությանը և նաև չեն քվեարկելու ԱԺ նախագահի տեղակալների ընտրության ժամանակ: «Հաշվի առնելով անցյալի դառը փորձը՝ ՀՅԴ-ն, այնուամենայնիվ, հույս ունի, որ կպահպանվի ԱԺ կանոնակարգ օրենքը»,- ասել է Ա.Ռուստամյանը: Քվեարկությանը չեն մասնակցել նաև «Ժառանգության» և ՀԱԿ-ի պատգամավորները, քանի որ վերջիններս ընդհանրապես բոյկոտել են ԱԺ անդրանիկ նիստն:
Մինչ այդ Հ.Աբրահամյանն ափսոսանք էր հայտնել, որ ընդդիմության ներկայացուցիչները ներկա չեն ԱԺ-ում. «Ափսոս, որ ընդդիմադիր մեր գործընկերները՝ ՀԱԿ-ը և «Ժառանգությունը» չկան, սակայն մեր հետագա աշխատանքը ես կկազմակերպեմ այնպես, որպեսզի փոխհամաձայնության մթնոլորտում լինի ամեն ինչ»,- նշել է Հովիկ Աբրահամյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում