Դամասկոսը պահանջում է Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման ժամանակացույց

Դամասկոսը պահանջում է Սիրիայից թուրքական ուժերի դուրսբերման ժամանակացույց

Ռուսաստանի Դաշնության, Սիրիայի, Իրանի և Թուրքիայի փոխարտգործնախարարների՝ մարտի 15-16-ը Մոսկվայում անցկացվելիք հանդիպումը կարող է հետաձգվել, քանի որ Դամասկոսը դեռևս չի ստացել Անկարայից իր զորքերը երկրի հյուսիսում գտնվող օկուպացված շրջաններից դուրս բերելու ժամանակացույց ու պլան:

Այս մասին հայտնել է սիրիական կառավարությանը մոտ կանգնած Al Watan թերթը։ Լրատվամիջոցի փոխանցմամբ՝ Դամասկոսը սկզբունքային դիրքորոշում ունի այս հարցում։ Ինչպես նշում է պարբերականը, Սիրիան Թուրքիայի հետ հարաբերությունները կկարգավորի միայն համապատասխան երաշխիքներ ստանալուց հետո։

Ավելի վաղ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի հարցերով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, փոխարտգործնախարար Միխայիլ Բոգդանովը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է աշխատել քառակողմ հանդիպման կազմակերպման ուղղությամբ։ Թուրքական TRT հեռուստաալիքը երկուշաբթի օրը հայտնել էր, որ դիվանագետների բանակցությունները կանցկացվեն մարտի 15-16-ը։

2022 թվականի դեկտեմբերի 28-ին Մոսկվայում խորհրդակցություններ են տեղի ունեցել Ռուսաստանի, Սիրիայի և Թուրքիայի պաշտպանության նախարարների միջև՝ Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակներում։ Հանդիպմանը պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ եռակողմ հանձնաժողով ստեղծելու մասին։ Այս խորհրդակցություններից հետո պետք է կայանա երեք երկրների արտգործնախարարների հանդիպումը, որի օրակարգում կլինի Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի բանակցությունների հարցը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում