Times.am-ն ամփոփում է նախորդ օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ է կատարվում ադրբեջանա-հայկական սահմանում և ո՞վ է խոցել ամերիկյան անօդաչու թռչող սարքը։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։
Ադրբեջանն ու Իրանը զորքերի տեղաշա՞րժ են սկսել
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին (SEPAH) մոտ կանգնած աղբյուրները տեղեկացնում են, որ Ադրբեջանը զորք է մոտեցնում Արցախի և Հայաստանի սահմաններին։ Ըստ տեղեկատվության, թշնամու տարածքում նաև ծանր զրահապատ տեխնիկայի շարժ է նկատվել։ Իրանական աղբյուրները հայտնում են, որ հետպատերազմյան շրջանում ծանր տեխնիկայի սահմանամերձ հատվածներ տեղափոխելն աննախադեպ է։
Ավելի ուշ SEPAH-ի տելեգրամյան ալիքում լուր է հրապարակվել այն մասին, որ Իրանի զինված ուժերը պատրաստվածության բարձր աստիճանի են բերվել։ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսից հայտնում են, որ Իրանն ամենավճռական կերպով է արձագանքելու միջազգային սահմանների փոփոխության ցանկացած ծրագրերի դեմ։
Բաշշար ալ-Ասադը Մոսկվա է այցելել
Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը պաշտոնական այցով Մոսկվա է ժամանել։ Լուրը հայտնել են Սիրիայի ղեկավարի աշխատակազմից։ Ավելի ուշ համացանցում տարածվել են Ասադին՝ Մոսկվայում դիմավորելու լուսանկարները։
Սիրիական և ռուսական աղբյուրները հայտնում են, որ պաշտոնական այցի շրջանակում Բաշշար ալ-Ասադը կհանդիպի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ։
Ցորենի արտահանման պայմանագրի երկարաձգում
Ցորենի գործարքը երկարաձգվել է ևս 60 օրով։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Ալեքսանդր Գրուշկոն։
Գրուշկոն նշել է, որ կողմերը կրկին հաստատել են ստորագրված փաստաթղթի փաթեթային սկզբունքը և պայմանավորվել, որ կպահպանվեն Ռուսաստանին տրված բոլոր խոստումները՝ կապված գյուղատնտեսական մթերքի միջազգային շուկաներ մատակարարման դեմ կիրառվող ուղիղ և կողմնակի պատժամիջոցների վերացման հետ։
Դիվանագետը նշել է սակայն, որ Մոսկվային չի բավարարում այս ուղղությամբ ՄԱԿ-ի աշխատանքների տեմպը։ Նա նաև ասել է, որ ֆորմալ առումով բանակցությունները դեռ շարունակվում են և որ Մոսկվան ամեն ինչ անելու է, որպեսզի Ռուսաստանի գործընկերները կատարեն իրենց վրա վերցրած պարտավորությունները։
Հիշեցնենք, որ ցորենի արտահանման մասին պայմանագիրը ստորագրվել է 2022թ. հուլիսի 22-ին Ռուսաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի ներկայացուցիչների միջև։ Այն վերաբերվում է Սև ծովի երեք նավահանգիստներից՝ այդ թվում Օդեսայից ցորենի, պարենի և պարարտանյութի արտահանման հնարավորությանը։
Ինչու՞ է կործանվել ամերիկյան անօդաչու թռչող սարքը
Ռուսական Սու-27 կործանիչը Սև ծովի վրա բախվել է ամերիկյան MQ-9 անօդաչու թռչող սարքին։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Զինված ուժերի եվրոպական հրամանատարությունը։
Նրանք մանրամասնել են, որ միջադեպից հետո անօդաչու թռչող սարքն ընկել է միջազգային ջրեր։ Սպիտակ տան տվյալներով՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը տեղեկացվել է կատարվածի մասին։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունից սակայն տեղեկացնում են, որ ամերիկյան ԱԹՍ-ն ընկել է ինքն իրեն՝ կտրուկ շրջադարձի պատճառով։ «Ռուսաստանյան կործանիչը ԱԹՍ-ի հետ որևէ կոնտակտ չի ունեցել», – նշում են Ռուսաստանի պաշտպանական գերատեսչությունից։
Ռուսական կողմը նաև տեղեկացնում է, որ միջադեպը տեղի է ունեցել մարտի 14-ի առավոտյան, 9։30-ի սահմաններում։