ՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան քառորդ եզրափակիչ

ՉԼ․ «Ինտերն» ու «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան քառորդ եզրափակիչ

Իտալիայի փոխչեմպիոն Միլանի «Ինտերն» ու Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» դուրս եկան Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչ։

Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչի պատասխան խաղում հյուրընկալվեց պորտուգալական «Պորտուին»։ Գրանցվեց ոչ ոքի՝ 0:0։

«Ինտերի» մեկնարկային կազմում էր Հայաստանի հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանը, որն անցկացրեց ամբողջ հանդիպումը։ Նա 50-րդ հանդիպումն անցկացրեց գլխավոր եվրագավաթային մրցաշարում։

«Ինտերը» պայքարը շարունակում է Միլանում տարած 1:0 հաշվով հաղթանակի շնորհիվ։

«Մանչեսթեր Սիթին» 1/8 եզրափակիչի պատասխան խաղում ընդունեց գերմանական «ՌԲ Լայպցիգին»։ Կատալոնացի Խոսեպ Գվարդիոլայի գլխավորած թիմը հաղթեց 7:0 հաշվով։

5 գոլ խփեց նորվեգացի հարձակվող Էրլինգ Հոլանդը, մեկական անգամ էլ աչքի ընկան Գերմանիայի հավաքականի կիսապաշտպան Իլկայ Գյունդոգանը և բելգիացի կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն։

Հիշեցնենք, որ քառորդ եզրափակիչ են դուրս եկել նաև Գերմանիայի չեմպիոն Մյունխենի «Բավարիան», Իտալիայի չեմպիոն «Միլանը», անգլիական «Չելսին» ու պորտուգալական «Բենֆիկան»։

Մարտի 15-ին 1/8 եզրափակիչի պատասխան հանդիպումներում Իսպանիայի չեմպիոն Մադրիդի «Ռեալը» կընդունի Անգլիայի փոխչեմպիոն «Լիվերպուլին», Իտալիայի առաջնության առաջատար «Նապոլին»՝ գերմանական «Այնտրախտ Ֆրանկֆուրտին»։

Չեմպիոնների լիգա, 1/8 եզրափակիչ, պատասխան հանդիպում

«Պորտու» – «Ինտեր»՝ 0:0, (առաջին խաղ՝ 0:1)

Հեռացում՝ Պեպե («Պորտու»), 90+7, երկրորդ դեղին քարտ

«Մանչեսթեր Սիթի» – «ՌԲ Լայպցիգ»՝ 7:0, (առաջին խաղ՝ 1:1)

Էրլինգ Հոլանդ, 22, 11մ, 24, 45+2, 54, 57, Իլկայ Գյունդոգան, 49, Կեւին Դե Բրույնե, 90+2

 

Հետևեք մեզ նաև Telegram-ում