Միջազգային լրահոսն ամփոփ․ 16․03․2023

Միջազգային լրահոսն ամփոփ․ 16․03․2023

Times.am-ն ամփոփում է օրվա միջազգային լրահոսը։ Ի՞նչ են քննարկել Ալիևն ու Պուտինը և ինչու՞ չէ Ասադը հանդիպում Էրդողանին։ Բոլոր կարևոր իրադարձությունները մեկ նյութում։

Ալիևն ու Պուտինը քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման միջոցառումները

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը հեռախոսով քննարկել են Հարավային Կովկասում անվտանգության ապահովման միջոցառումները, հաղորդում է Կրեմլի մամուլի ծառայությունը:

«Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի հետ։ Քննարկվել են Հարավային Կովկասում անվտանգության եւ կայունության ապահովմանն ուղղված գործնական միջոցառումները՝ Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի ղեկավարների հայտնի եռակողմ պայմանավորվածությունների համաձայն», – ասված է հաղորդագրության մեջ:

Մտքեր են փոխանակվել նաև տարածաշրջանում տրանսպորտային-լոգիստիկ և տնտեսական կապերի զարգացման հարցերի շուրջ։

Երկրաշարժ Իրանում

Մարտի 16-ին, տեղական ժամանակով ժամը՝ 15:47-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային  ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից  Իրան՝ Խոյ քաղաքից 41 կմ հարավ-արևմուտք գրանցվել է 5․1 մագնիտուդով երկրաշարժ:

Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 7 բալ:

Երկրաշարժը զգացվել է  Սյունիքի մարզում՝ 3-4 բալ, Վայոց Ձորի և Արարատի մարզերում՝ 3 բալ, Երևանում 2-3 բալ ուժգնությամբ։

Ասադը պահանջում է, որպեսզի Թուրքիան դուրս բերի իր զորքերը Սիրիայից

Սիրիայի նախագահ Բաշշար ալ-Ասադը հայտարարել է, որ պատրաստ է հանդիպել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ միայն այն բանից հետո, երբ Թուրքիան դուրս կբերի իր զորքերը Սիրիայի տարածքից։ 

Այս մասին Ասադը հայտարարել է ռուսական РИА Новости գործակալությանը տված հարցազրույցում։

«Ինչ վերաբերում է Էրդողանի հետ հանդիպմանը, ապա դա կապված է այն փուլին հասնելու հետ, երբ Թուրքիան հստակ ձևով և առանց որևէ անորոշության պատրաստ կլինի Սիրիայի տարածքից զորքերի ամբողջական դուրսբերմանը, ահաբինչպիսին որ կար մինչև Սիրիայում պատերազմի սկսվելը»,- ասել է Բաշշար ալ-Ասադը։

Սիրիայի նախագահի խոսքով՝ Անկարան բացասական դեր է խաղացել իր երկրի տարածքում պատերազմում, քանի որ աջակցել է այն կազմակերպություններին, որոնք Դամասկոսը համարում է ահաբեկչական, և իր զորքերը ուղարկել է սիրիական տարածք։

«Մեզ համար Թուրքիան օկուպացիոն պետություն է»,- հավելել է Ասադը։

Հետևեք մեզ նաև Telegram-ում