«Դոմ Մոսկվի» կենտրոնի նախաձեռնությամբ Ծաղկաձորում բացվել է ռուսական կենտրոն
Նմանատիպ
Ծաղկաձորի «Մանկական արվեստի դպրոցում» Երևանում «Դոմ Մոսկվի» մոսկովյան մշակութագործարարական կենտրոնի (ՄՄԳԿ) նախաձեռնությամբ, Ծաղկաձորի քաղաքապետարանի աջակցությամբ և Ռուսաստանի Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ, Ռուսաստանի հերոս Յուրի Վորոբյովի ֆինանսական աջակցությամբ տեղի ունեցավ ռուսական կենտրոնի բացումը:
Միջոցառմանը ներկա էին ՌԴ Դաշնային ժողովի և ՀՀ ԱԺ Համագործակցության միջխորհրդարանական հանձնաժողովի 36-րդ նիստի մասնակիցները, Ռուսաստանի և Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպաններ Սերգեյ Կոպիրկինը և Վաղարշակ Հարությունյանը, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, գիտության և մշակույթի գործիչներ:
Կենտրոնի կարմիր ժապավենը կտրեցին Ռուսաստանի Դաշնության ժողովի Դաշնային խորհրդի փոխնախագահ, միջխորհրդարանական հանձնաժողովի համանախագահ Յուրի Վորոբյովը և ՀՀ ԱԺ փոխխոսնակ, հանձնաժողովի համանախագահ Հակոբ Արշակյանը: Ողջույնի խոսքում նրանք ընդգծեցին նման հաստատությունների կարևորությունը կրթության, մշակույթի ոլորտում և երկու երկրների գործակցության զարգացման գործում:
«Մեզ շատ հաճելի է, որ այստեղ, այս հիասքանչ զբոսաշրջային քաղաքում, ռուսական կենտրոն է բացվել, որը հնարավորություն կտա ցանկացողներին հաղորդակցվելու ռուսական մշակույթի հետ։ Մեր երկրի և ձեր քաղաքի այս փոքր, բայց ջերմ ու հյուրընկալ անկյունը, հուսով եմ, կփոխանցի մեր սիրո ամբողջ ջերմությունը ձեր, բոլոր հայերի հանդեպ։ Մենք անում ենք հնարավորը, որպեսզի Ռուսաստանի և Հայաստանի բարեկամությունն ամրանա, որպեսզի մեր երկրներն ու ժողովուրդները մեկ ուղով գնան», – ընդգծեց Յուրի Վորոբյովը կենտրոնին փոխանցելով ՌԴ Դաշնության խորհրդի հուշանվերը։
Հակոբ Արշակյանի խոսքով` ռուսաց լեզուն անհրաժեշտ է ոչ միայն շփվելու, այլև ժողովուրդների և երկրների միջև մշակութային ու գործարար, ինչպես նաև կրթական կապեր հաստատելու համար․ «Այս համատեքստում Ռուսական կենտրոնի բացումը կարևոր և անհրաժեշտ նախաձեռնություն է, որն ուղղված է մեր հարաբերությունների զարգացմանը», – ասաց Հակոբ Արշակյանը։
Կրասնոյարսկի երկրամասի ղեկավար Ալեքսանդր Ուսը կենտրոնին նվիրել է Կրասնոյարսկի հայտնի մարդկանց` Վիկտոր Աստաֆևի գիրքն ու Դմիտրի Խվորոստովսկու ձայնագրությունները։
«Ռուսական կենտրոնները նպատակ ունեն աջակցելու ռուսաց լեզվի և մշակույթի տարածմանը, օբյեկտիվ և հավաստի տեղեկատվություն ներկայացնելու Ռուսաստանի մասին: Հուսով ենք, որ կենտրոնն իր ներդրումը կունենա կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում գործակցության հետագա զարգացման, ինչպես նաև մեր երկու ժողովուրդների միջև դարավոր բարեկամական կապերի ամրապնդման գործում», – նշեց Երևանում «Դոմ Մոսկվի» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը։
Ծաղկաձորում բացված Ռուսական կենտրոնն արդեն 9-րդն է։ Նման հաստատություններ են գործում Երևանում, Արմավիրում, Վանաձորում, Իջևանում, Քաջարանում, Հրազդանում, Մալիշկա և Վարդաձոր բնակավայրերում։ Այս տարի նախատեսվում է Ռուսական կենտրոններ բացել նաև Մեղրիում, Կապանում, Գորիսում և Գյումրիում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում