Մամուլն այսօր. Կանխատեսումներ նախարարական մանդատների շուրջ
Նմանատիպ
Հետընտրական կանխատեսումներ.
«Երկիր» օրաթերթի աղբյուրները հայտնում են, որ ՀՀԿ-ն ՕԵԿ-ից վերցնելու է կապի և տրանսպորտի նախարարությունը, փոխարենը տալու է աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պորտֆելը: Թերթի տեղեկություններով` ՕԵԿ-ի քվոտայով աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար է նշանակվելու Խաչիկ Հարությունյանը:
Թեև մամուլը շատ էր գրում, որ Սամվել Նիկոյանին նշանակելու են բնապահպանության նախարար, բայց, ըստ թերթի աղբյուրների, նրան են վստահելու քաղաքաշինության նախարարությունը, որը ԲՀԿ-ի քվոտան էր: ԲՀԿ-ին նախկինում պատկանող առողջապահության նախարարությունը կտրվի բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանին, իսկ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը` ծանրամարտի չեմպիոն Յուրի Վարդանյանին:
Թերթի աղբյուրների հավաստիացմամբ` խորհրդարանում չի մնա նաև Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը. Թեև խոսվում էր, որ նա է լինելու տրանսպորտի և կապի նախարարը, բայց, թերթի վերջին տեղեկություններով, նշանակվելու է տարածքային կառավարման նախարար: Մյուս նախարարները հիմնականում մնալու են իրենց տեղերում:
«Հայկական ժամանակ»-ը գրում է, որ կառավարության կազմի հետ կապված հարցերը դեռ վերջնական լուծում չեն ստացել, և հնարավոր է` անսպասելի որոշումներ կայացվեն:
«Եթե նախօրեին իշխանական կուլիսներում որպես Գեղարքունիքի մարզպետի թեկնածու քննարկվում էր նախկին ոստիկանապետ Հայկ Հարությունյանի անունը, երեկ արդեն շատերը վստահաբար պնդում էին, որ այս մարզի մարզպետ է նշանակվելու ՀՀԿ–ական պատգամավոր Ռաֆիկ Գրիգորյանը: Առողջապահության նախարարի պաշտոնի համար քննարկվում է երկու թեկնածություն` բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի և ԱԺ պատգամավոր Արա Բաբլոյանի»,- գրում է թերթը:
Երբ թերթի թղթակիցը փորձել է Բաբլոյանից ճշտել իր նշանակման հետ կապված հարցը, նա պատասխանել է, որ նախօրեին է Ֆրանսիայից եկել և դեռ ոչինչ չգիտի: Ըստ թերթի, գործադիրում պաշտոն է ստանալու նաև ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը: Նոր կառավարության կազմը, թերևս, որոշվի եկող շաբաթ կայանալիք ՀՀԿ գործադիր մարմնի նիստի ժամանակ:
«Ժողովուրդ» թերթին լավատեղյակ աղբյուրներից հայտնի է դարձել, որ ՕԵԿ խմբակցության պատգամավոր Սամվել Թադևոսյանն առաջիկայում աշխատանքի է անցնելու գործադիրում: Ըստ թերթի` նրան առաջիկայում պատրաստվում են նշանակել ՀՀ քաղաքաշինության նախարար: Հավանական է, որ գործադիրում պաշտոն ստանա նաև մեկ այլ ՕԵԿ-ական` Իշխան Խաչատրյանը, թեև դեռ չի հաջողվել նրան վերջնականապես համոզել: Բանն այն է, որ ՕԵԿ-ում այդպես էլ խնդիր է դարձել համամասնական ընտրացուցակում գտնվող երիտասարդներին` Դավիթ Կարապետյանին և Նելսոն Զուրոյանին պատգամավորական մանդատ տալու հարցը: Համաձայն տեղեկությունների` վերջերս երիտասարդ ՕԵԿ-ականները գրեթե դադարեցրել են իրենց շփումներն այդ կուսակցության հետ
«Չորրորդ ինքնիշխանություն» թերթը գրում է. «Քաղաքական շրջանակներում համառորեն խոսակցություններ են շրջանառվում, թե հնարավոր է, որ ՀՀ առողջապահության նախարար Հարություն Քուշքյանը դուրս գա ԲՀԿ–ից եւ շարունակի մնալ ՀՀ առողջապահության նախարար:
Մինչդեռ մեր տեղեկություններով, Քուշքյանը որոշել է հաստատապես հանձնել նախարարի պորֆելը: Երեկ այդ պաշտոնի համար շրջանառվում էր Մխիթար Հերացու անվան բժշկական համալսարանի ռեկտոր Դերենիկ Դումանյանի անունը:
Ավելացնենք նաեւ, որ «ՉԻ» տեղեկություններով, ՀՀԿ–ական Սամվել Նիկոյանը, այնուամենայնիվ, իր տեղը կունենա գործադիրում: Չի բացառվում, որ նա զբաղեցնի կամ ՀՀ սոցապ, կամ էլ ՀՀ քաղաքաշինության նախարարի պաշտոնը: Նրա համար ակտիվ լոբբիստական աշխատանք է իրականացրել ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը:
Ի դեպ` Սարգսյնը Սերժ Սարգսյանին բարեխոսել է, որպեսզի իր պաշտոնավարումը շարունակ ՀՀ բնապահպանության ՀՀԿ–ական նախարար Արամ Հարությունյանը: Ավելացնենք նաեւ, որ ՀՀ կապի տրանսպորտի նախարար Մանուկ Վարդանյանը եւս չի շարունակի նախարարի իր կարիերան: Եթե այս ոլորտը նորից տրվի ՕԵԿ–ին, չի բացառվում, որ ՕԵԿ քվոտայով նախարար դառնա Սամվել Թադեւոսյանը»:
Զարմանազան.
«Հրապարակ»-ը գրում է, որ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորները, հատկապես նորընտիրները, մի քանի օր է` ակտիվորեն իրենց համար իմիջմեյքեր ու մամլո խոսնակ են փնտրում: Երբ հարցնում ես, թե` ինչի՞դ է պետք, պատասխանում են, որ Գագիկ Ծառուկյանն իրենց շատ խիստ ասել է` մամուլը ում սկսեց քիչ թե շատ հիմնավոր «քլնգել», այդ մարդը կզրկվի իր հովանավորությունից ու հարգանքից: Հիմա մտածում են` ինչպես անել, որ «քլնգոցի» առարկա չդառնան, և որոշել են, որ մամուլի խոսնակ կամ իմիջմեյքեր ունենալը կկանխի իրենց դեմ հրապարակումները և կապահովի առաջնորդի հովանավորությունը:
«Երկիր» օրաթերթի տեղեկություններով` արդեն մի քանի օր է, ինչ ՀՀ-ում Իտալիայի դեսպանությունը, որը մուտքի արտոնագրեր է տրամադրում Իտալիայի, Իսպանիայի և Ֆինլանդիայի համար, դադարեցրել է Իսպանիայի վիզա տրամադրել ՀՀ քաղաքացիներին: Վերջիններիս ասել են, որ Իսպանիայի վիզա ստանալու համար նրանք պետք է դիմեն Լիտվայի դեսպանությանը: Իտալիայի դեսպանությունից թերթը փորձել է ճշտել, թե ինչ հիմունքներով է այդ գործընթացը կասեցվել, սակայն հյուպատոսական բաժնից առաջարկել են հարցը գրավոր ձևակերպել: Հետաքրքիր է, որ որևէ արձագանք ԱԳՆ-ից այս հարցի շուրջ չի եղել, իսկ երբ թերթը փորձել է մեկնաբանություն ստանալ ԱԳՆ մամլո խոսնակից, Տիգրան Բալայանը պատասխանել է, որ մուտքի վիզաների տրամադրման հարցերով նախարարությունը չի զբաղվում: «Միանգամայն զարմանալի է, որ Հայաստանի քաղաքացին այլ երկիր գնալու հնարավորությունից զրկվել է ու ԱԳ նախարարության հեչ պետքն էլ չէ:
Մեզ մնում է սպասել մեր հարցմանը Իտալիայի դեսպանատան պատասխանին, գուցե նրանք պարզաբանեն, թե փակուղու առջև կանգնած ուղևորներին ով պետք է տեր կանգնի»,- եզրակացնում է թերթը: