ՀՀ և Քուվեյթի մայրաքաղաքների միջև փոխգործակցությունը կընդլայնվի

Մայիսի 31-ին Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին ընդունել է  Քուվեյթի Պետության մայրաքաղաքի` Էլ- Քուվեյթ նահանգի նահանգապետ շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահը:

ԱԳՆ մամլո ծառայության փոխանցմամբ՝ հանդիպումը նշանավորվել է երկու երկրների մայրաքաղաքների միջև փոխգործակցության խթանման և ընդլայնման հեռանկարների քննարկմամբ: Քուվեյթում ՀՀ դեսպանը առաջարկել է  աշխատանքներ սկսել Երևանի քաղաքապետարանի հետ կապերի ստեղծման և խորացման ուղղություններով, նշելով, որ վերոհիշյալ ոլորտում իրավապայմանագրային բազայի ստեղծումն ու փոխայցելությունների մակարդակի ակտիվացումը իր լրջագույն նպաստը կարող է բերել  երկու երկրների մայրաքաղաքների մերձեցմանը:

Իր հերթին շեյխ Ալի Ջաբեր ալ-Սաբահն ասել է, որ Քուվեյթի Պետություն այցելելու հրավեր է փոխանցվել Երևանի քաղաքապետին, ինչը նոր հիմքերի վրա կդնի Երևանի քաղաքապետարանի և Էլ-Քուվեյթի նահանգապետարանի միջև համագործակցության հետագա ընթացքը:

Հանդիպման ավարտին նահանգապետը դրվատանքով է խոսել քուվեյթահայ համայնքի մասին` բարձր գնահատելով հայերի նվիրվածությունն ու քուվեյթցիների հետ ընդհանուր ճակատագիր կիսելու նրանց պատրաստակամությունը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում