Շերամ. մետաքսի պես քնքուշ երգեր հյուսողը
Նմանատիպ
Շերամը մետաքսաթել հյուսող որդ է: Միայն թե տեսնեք՝ ինչ արհեստավարժությամբ է հյուսվում մետաքսի պես փափուկ բոժոժը: Բնության իսկական հրաշալիք է այս փոքրիկ մետաքսագործը:
Հավանաբար հենց մետաքսի պես փափուկ ու քնքուշ, բայց շերամի պես բացառիկ հմտությամբ են հյուսվել այն հին աշուղական, գուսանական երգերը, որոնց հեղինակին հենց այդպես էլ անվանում ենք՝ Շերամ:
Գարուն սիրուն անուշ յար,
Արի դարդիս արա ճար,
Ես քեզ համար էրվում եմ,
Դու նստել ես բեխաբար…
Շերամին հավանաբար միայն մասնագետները կմտաբերեն՝ որպես Գրիգոր Թալյան կամ Տալյան: Բայց որպես աշուղ՝ Գյումրիում՝ նախկին Ալեքսանդրապոլում, այս գերդաստանն իսկական հպարտություն էր:
Այդ տարիներին քաղաքում աշուղական դպրոցի առաջին հիմնադիրներից էին Կարսից Ալեքսանդրապոլ եկած աշուղ Քյամալուի որդիները՝ Կարապետն ու Հովհաննեսը: Նրանք աշուղ չէին, բայց ամեն դեպքում պտուղը ծառից հեռու չի ընկնում: Նրանք Ալեքսանդրապոլում հիմնում են աշուղական սրճարան, որտեղ բազմիցս ելույթներ են ունեցել Ջիվանին, Շիրինը, Մահուբի Գևորգը և այլք:
Այդ միջավայրում ծնվել ու մեծանում էր մեկն, ում մասին պիտի աշխարհն իմանար հետո, բայց հիշեր հավերժ:
Այդ մեկը Շերամն էր՝ Կարապետի որդին, ով պետք է փայտագործ դառնար, բայց ճանապարհի կեսից սկսում է զբաղվել երգասացությամբ, որովհետև փայտագործության վարպետը ստիպում էր իրեն կրկնօրինակել հանձնարարվածը, ոչ թե ստեղծագործել:
Փայտագործության գնալը, սակայն, ճակատագրական եղավ Գրիգորի՝ ապագա Շերամի համար: Հոր մահից հետո աշուղական սրճարանը փակվեց: 10 տարին չբոլորած Գրիգորը ստիպված եղավ ինչով ասես զբաղվել՝ գլուխը պահելու համար: Իսկ փայտագործություն իմանալու շնորհիվ սեփական ձեռքերով պատրաստեց իր սազն ու թառը և սկսեց ինքնուրույն նվագել սովորել:
Տարիներ անց Գրիգորը Արցախից եկած հայտնի պարսիկ երգիչ Ջումշուդի հետ է ծանոթանում և սազանդարական խումբ կազմում, որը տարիներ շարունակ շրջագայում և համերգներ էր տալիս տարածաշրջանում՝ Բաքվից մինչև Թիֆլիս, Թավրիզից մինչև Էրզրում ու Ալեքսանդրապոլ: Այս տարիներին նա ուսումնասիրում էր նվագարանները, երգասացության ու աշուղական արվեստի գաղտնիքները, հայրենի քաղաքում հայտնի դառնում՝ որպես Տալոյենց Գոքոր` առանց որի ոչ մի հարսանիք չէր անցնում:
«Հիմի դավուլ–գուռնեն վո՞վ լայեղ կէնե, թառ ու քյամանչա գուզեն բիրադի, Տալոյենց Գոքորն օր չչալե ու երգե, էլ հարսը դռնեն գելնի՞». – Ալեքսանդր Մխիթարյանց
Շերամը տարածաշրջանի ազգերին միավորող լար էր, որը սազի պես քաղցր էր հնչում: Աշուղն ապրել է թե Ալեքսանդրապոլում, թե Թիֆլիսում, թե Երևանում: Ուր էլ եղել է, դարձել է ժողովրդի սիրելին և ժողովրդի սրտի լարը:
Հայաստանի սոխակները քեզ համար
Թող դայլայլեն գիշեր–ցերեկ անդադար
Անհաղթ մնաս դու քաջ, կռվի սիրահար,
Հայրենիքին տեր ու պաշտպան, Անդրանի՛կ։
Սա Շերամի ոչ այնքան հայտնի ստեղծագործություններից է՝ նվիրված Զորավար Անդրանիկին: Զորավարը սիրել է Շերամի երգերը և դրանք համարել ազգի համար հաղթանակի ու խաղաղության պես արժեքավոր:
Թող մենք մութ–մութ ամպեր լինենք
Ու գոռալով բարձրանանք,
Կարկուտ թափենք այն երկրում,
Ուր կսպառնան մեզ վտանգ…
Մի անգամ Շերամն Անդրանիկին ասել է՝ քեզի պես զենքով չեմ կռվել, բայց ինչքանով որ կհասկնամ, երգն էլ զենքից պակաս չէ: Զորավարն էլ պատասխանել է՝ իհարկե, երգը երբեմն ավելի զորեղ է:
Մշակույթն իսկապես զորեղ է: Դա է վկայում աշխարհի պատմությունը. պետությունները փոխում են սահմանները, վերանում են, գետնի տակ անցնում, բայց երգը մնում է, ճեղքում ժամանակներ ու հասնում սերունդներին:
«Տարօրինակ մարդ ես դու, քո մեծությունը չես գիտակցում». – Ավետիք Իսահակյան
Սեփական մեծությունը գիտակցելը մեծություններին հավանաբար հարիր չէ. նրանց գնահատականը մարդը չի տալիս, այլ ժամանակը, որը ոչ մի ուժի չի ենթարկվում: 80 տարի ապրած գուսանից հետո առավել քան 80 տարի էլ անցել է, իսկ Շերամի երգը դեռ հյուսվում է ժամանակների մեջ ու ժամանակների հետ՝ նույնքան քնքուշ ու մետաքսե:
Դուն իմ մուսան ես,
Առանց քեզի երգել չեմ կարող։
Սրտիս տավիղը
Բացի քեզնից էլ չունիմ լարող…
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում