Հունաստանի խնդիրները միայն եվրոյի կամ Եվրամիության մեջ չեն

Հունաստանում ստեղծված իրավիճակի համար շատերը մեղադրում են մեծ Եռյակին՝ Եվրահանձնաժողովին, Արժույթի միջազգային հիմնադրամին (ԱՄՀ) և Եվրոպական կենտ­րո­նական բանկին (ԵԿԲ): Մեղադրանքներ են ուղղվում նաև Գերմանիայի կառավարությանը, ինչպես նաև գերմանական և ֆրանսիական բանկերին: Հույները կարծում են, որ հենց այդ կառույցների պատճառով է, որ Հունաս­տանը հայտնվել «պարտքային ստրկության» մեջ, իսկ Հունաստանը հանդիսացել է պարզապես գերմա­նական ապրանքների համար իրաց­ման շուկա, որի արդյունքում ոչ մրցունակ են դարձել արդյու­նա­բերության բազմաթիվ ճյուղեր: Եվրոպական վարկա­տու­ներից հույների վերցրած գումար­ները ծախսվել են գերմանական ապ­րանք­ների ձեռք բերման վրա` ըստ էության ավելի շատ ուղղվելով նպաստելով գեր­մանական տնտե­սության հզորաց­մանը:

Այսպիսով, հույները թե´ երկարատև, թե´ կարճաժամկետ կտրվածքով ստեղծ­ված իրավիճակի համար մեղավոր են համարում Եվրամիությանը և եվրոյին: Հույները հիշեցնում են, որ 2001թ.-ին եվրոյի գոտի մտնելիս Հունաստանը ուներ համեմատաբար փոքր պետական պարտք (մոտ 50 մլրդ. եվրո), բյուջեի փոքր դեֆիցիտ` 5%, աճում էին աշխա­տա­վարձերը և սոցիալական նպաստները, մեծանում էին օտարերկյա ներդրումները հու­նական տն­տեսության մեջ:

Եվրոյի գոտի մտնելուց ընդամենը մեկ տասնամյակ տարի անց Հունաստանի պարտքը միայն վերջերս գե­րազանցեց 360 մլրդ. եվրոյի սահմանագիծը, իսկ բյուջեի դեֆիցիտը անցած տարի կազմել է ՀՆԱ-ի 11%-ը: Մակրոտնտեսական վիճակը շարունակում է վատթարանալ: 2008 թ.-ից այս երկիրը տնտեսական աճ չի ապահովել, 2011 թ.-ին ունեցել է ՀՆԱ-ի 3.5%-ի անկում, իսկ արդյունաբերական արտադ­րանքի անկումը կազմել է 8.5%, գործազրկությունը` 17.3%: Գնաճը Եվրամիության մյուս երկրների համեմատ նույնպես բարձր է և կազմել է՝ 4.7%: Կապի­տալի արտա­հոսքը Հունաստանից միայն վերջին մի քանի օրերին գերա­զանցել է 1 մլրդ. եվրոն: Բացի այդ, Հունաս­տանը մի քանի անգամ հայտնվել է դեֆոլտ հայտարարելու փաստի առջև (թեև, ըստ էության արդեն դեֆոլտի մեջ է):

ԱՄՀ-ի, ԵԿԲ-ի և Եվրահանձ­նաժողովի խորհրդատվությամբ իրակա­նացվող բյուջետային խստացումները և սոցիալական ծախսերի կրճատումը ավելի բացասական հետևանքների բերեցին: Ծախսերի կրճատումները բերեց պահանջարկի սեղմմանը, որն էլ ավելի խորացրեց տնտեսական անկումը: Դրա արդյունքում կրճատվեցին նաև հարկային մուտ­քերը, դա էլ իր հերթին կրկին բարձր մակարդակի վրա է պահում բյուջետային դեֆիցիտը:

Իհարկե, ստեղծված իրավիճակի համար եվրակառույցների մեղքը ժխտել պետք չի, սակայն  պակաս չէ նաև հույների մեղավորությունը: Նախքան եվրոյի գոտի մտնելն էլ հույները տանջվում էին իրենց ազգային արժույթի՝ դրահմայի անընդհատ արժեզրկումից, աճում էր բյուջեյի դեֆիցիտը: Թեև Հունաստանի եվրոյի գոտի մտնելը ունեցավ նաև իր դրական հետևանքները՝ կայունացավ  գնաճի տեմպերը, շարունակելով Եվրամիությունից պարտք վերցնել (վարկերի ցածր տոկո­սադ­րույքների պատճառով փոխառությունները ձեռնտու դարձան)` հունական կառա­վարու­թյուն­ները ավելացրե­ցին սոցիալական ծախ­սերը և պետական աշխատավարձերը, տնտեսությունը սկսեց տարեկան միջինը 3-4% աճ գրանցել, կյանքի մակար­դակը սկսեց արագ աճեց: Ներդրումային և շինա­րա­րական բումը տեղի ունեցավ հենց եվրոպական վարկերի օգնությամբ: Դա օգնեց նաև Հունաս­տանին կրճատել մյուս եվրո­պական երկրների համեմատ կենսամա­կար­դակների տարբե­րու­թյունը:

Այլ խոսքով, Հունաս­տանը ծախսում էր ավելի շատ, քան վաստակում էր: Այս քաղա­քա­կա­նությունը շարու­նակվեց մեկ տասնամյակ, որի արդյունքում մեծանում էր արտաքին պարտքը, ինչպես նաև ուժեղ եվրոյի պատճառով ավելի էին թուլանում արտահանման ուղղված ճյուղերը: Արդյունքում նվազեց պետության և բնակչության ձեռնարկատիրական ակտիվու­թյունը, որը բացա­սական էր ազդում գործարար միջավայրի վրա: Միաժամանակ 1981թ.-ից Եվրամիության անդամ դառնալուց հետո Հունաստանի համար մաքսա­յին տուրքերի վերացումը ԵՄ-ի սահմաններում բերեց նրան, որ հունական ոչ մրցունակ տեղական ապրանքները դուրս մղվեցին եվրո­պական ապրանք­ների կողմից, արդյունաբերության մի շարք ճյուղեր կրճատեցին ծավալները, ԵՄ-ի միասնա­կան գյու­ղատնտեսական քաղա­քականության արդյունքում կրճատվեց Հունաստանի գյու­ղատն­տեսա­կան արտադրությունը:

Պահպանվում է տնտեսության նախկին կառուցվածքը` ծառայությունների ոլորտը կազմում է տնտեսության գերակշիռ մասը, որին հետևում է արդյու­նաբերությունը և գյուղատնտեսությունը: Տուրիզմը շարունակում է մնալ տնտե­սու­թյան կարևորագույն ճյուղը: Իսկ սա էլ ավելի խոցելի է դարձնում հունական տնտեսությունը արտաքին ազդեցությունների նկատմամբ, մասնավորապես, եվրոյի կուրսի փոփոխությունների նկատմամբ:

Սակայն հույների հիմնական բացթողումն այն է, որ Եվրամիության անդամ դառնա­լուց հետո Հունաստանը ըստ էության բացի պարտքերի հաշվին տնտեսական աճ ապա­հովելուց, ազգային մրցունակ տնտեսություն չձևավորեց, չիրականացրեց տնտեսության համա­կարգային վերակա­ռուցում և արդյունաբերության մոդեռնիզացիա: Մտնելով Եվրամիություն` թեև Հունաս­տանը մուտք ուներ դեպի առաջավոր և նորարարական եվրոպական տեխնոլոգիաներ, սա­կայն ամբողջովին չօգտագործեց այդ հնարավորությունները տնտեսության մեջ  բարձր արդյու­նավե­տության սեկտոր­ների և առաջավոր տեխնոլոգիական բազա ձևավորելու համար:

Այսօր հույների առջև ծառացած եվրո թե դրահմա դիլեմայում, յուրաքանչյուր տարբերակն էլ ունի իր առա­վելությունները և թերությունները: Իհարկե սա կարևորագույն խնդիր է Հունաս­տանի համար, սակայն առանց տնտեսության վերակազմավորման և ազգային տնտեսության մրցունակության արագ վերականգման Հունաս­տանը չի կարող դուրս գալ այս իրավիճակից, այլա­պես պարտքա­յին բեռը և սոցիալական ցնցումները տասնամյակներ շարունակ ուղեկցելու են Հու­նաստանին:

Սարգիս ՄԱՆՈւԿՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում