Մախլուտո. Զորավար Անդրանիկի փառաբանյալ քաջը

Մախլուտո. Զորավար Անդրանիկի փառաբանյալ քաջը

«Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն». Անդրանիկ Օզանյան

Մախլուտոն Զորավար Անդրանիկի աջ ձեռքն էր, ընկերն ու զինակիցը:

Գեներալ Մախլուտոն

Սմբատ Բորոյան, Սմբատ Զորավար, Մախլուտո, Տարոնի առյուծ. այս անունները մեր պատմության, ինքնապաշտպանական մարտերի ու առաջին հանրապետության մասին բոլոր վկայություններում կարելի է հանդիպել: Չորս ն էլ նույն մարդն են: Մախլուտոյի կենսագրությունը, մեծ հաշվով, մեր ազգային կենսագրությունն է, մեր պատմությունը՝ բառի բուն իմաստով:

Տարոնի առյուծ, քո հոգուն մատաղ,

Քեզ ենք ասում, քաջաց քաջ Սմբատ,

Տարոնի ազգիդ օգնության հասիր,

Տառապյալ ազգիդ օգնության հասիր…

Հավանաբար Հայաստանի առաջին հանրապետության պատմության մեջ, ազատագրական ու ինքնապաշտպանական մարտերի մասին չկա որևէ էջ՝ առանց նրա անվան հիշատակման:

Առաքելոց վանքի կռիվ,  Սասունի ինքնապաշտպանություն, Իշխանաձորի մարտեր, Աղթամարի կռիվ, Դիլմանի ճակատամարտ,  Բիթլիսի ազատագրում, Ստեփանավանի, Էրզրումի, Սևանի, Ջուղայի, Խոյի մարտեր, Զանգեզուրի, Արտաշատի ինքապաշտպանություն և այլն:

Թերևս նրա կյանքը վառ ապացույցն է նրա, թե որքան վտանգավոր տարածաշրջանում ենք ապրում, քանի անգամ ենք գոյության կռիվ տվել ու պիտի տանք, թե մինչև որտեղ կարող է հասնել թշնամին ու թե ինչպես կարող է մեր փոքրաթիվ բնակչությամբ հայրենիքը պաշտպանվի մի քանի ինքնամոռաց նվիրյալների կողմից: Վառ օրինակ Արտաշատի ինքնապաշտպանությունը, Զանգեզուրի, Սևանի, Ստեփանավանի մարտերը: Հասկանո՞ւմ եք՝ մեզ ծանոթ վայրերում, այն ճանապարհներին, որոնցով պարբերաբար անցնում ենք, այն վայրերում, որտեղ սիրում ենք հանգստանալ, նկարվել…

Մախլուտոյի կյանքը համեմատաբար հանգիստ է անցել Մարսելում:

Այնտեղ նա ընտրվել է Մարսելի դեմոկրատական ճակատի նախագահ։ Տեղի «Տարոն» տպարանում հրատարակվել է քարտեզ «Տարոնի Առյուծ Զորավար Սմբատի երգը» մակագրությամբ, որից հետո Փարիզում Մկրտիչ Երիցանցի խմբագրությամբ լույս է տեսել «Զօրավար Սմբատի յուշերը» գրքույկը։ Երկրորդ Համաշխարհային պատերազմի տարիներին Մախլուտոն մասնակցել է ֆաշիզմի դեմ մղված պայքարին։ Նա Ֆրանսիական դիմադրական շարժման մարտիկներից էր:

Մախլուտո (Սմբատ Բորոյան, Զորավար Սմբատ)

Այնուհետև վերադառնում է Խորհրդային Հայաստան ու կյանքի վերջին տասնամյակն անցկացնում Երևանում: Այդ շրջանում նա դառնում է Կոմիտասի անվան զբոսայգու պահակը: Ի դեպ, հենց այնտեղ է գտնվում ֆիդայական շարժման «Զորավար Անդրանիկ» թանգարանը:

Մարտերի բովով անցած Մախլուտոն մարտին էլ մահանում է:

«Հավատքիս համար ինձ կթաղեք Սբ. Էջմիածնում, իսկ քաջությանս համար՝ «Խենթի» կողքին, եթե հարմար կդատեք». Մախլուտո

Իր ցանկության համաձայն՝ Զորավար Անդրանիկ Օզանյանի ընկերն ու ամենասիրելի զինակիցը թաղվում է Էջմիածնի Սուրբ Գայանե վանքի բակում՝ Խենթի կողքին։

Հասիր օգնության, դուն քաջ ղեկավար,

Անդրանիկ, Սմբատ, ուր է քաջ Սեպուհ,

Լուր տվեք Վարդանին ու Քեռուն։

Եկեք Ձեր խմբերով՝ շուտ միացեք,

Ջարդեցեք վատ թուրքին, երբեք մի խնայեցեք,

Գազան թշնամին յուր սուրն է բռներ,

Կոտորում է անզեն հայերին…

Զորավար Սմբատին նվիրված այս երգը Հայաստանի 3-րդ հանրապետության այս օրհասական ժամանակներում էլ ակտուալ է: Հիմա հայրենիքը կրկին ունի Մախլուտոյի ու նրա նման զինվորականների ու զորավարների կարիքը: Որքան էլ նրանց կյանքն ու գործունեությունը խենթություն թվան, միևնույնն է, մենք ապրում ենք մի տարածաշրջանում ու այնպիսի հարևաններով ենք շրջապատված, որ խենթերի ժամանակը երբեք չի անցնում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում