Այսօր Երեխաների պաշտպանության օրն է. Իր թոռնուհու հետ այս տոնը նշել է նաև Ս.Սարգսյանը
01/06/2012 16:13
Նմանատիպ
Հունիսի 1-ի նշվում է՝ որպես Երեխաների պաշտպանության միջազգային օր: Այն սահմանվել է 1925-ին` Ժնևում երեխաների պաշտպանության համար հրավիրված համաշխարհային կոնֆերանսի ընթացքում: 1949թ. Կանանց ժողովրդավարական միջազգային դաշինքը երեխաների պաշտպանության օր անցկացնելու որոշում է ընդունել: ՄԱԿ-ը, հավանություն տալով այս նախաձեռնությանը, հայտարարել է երեխաների կյանքի և առողջության պաշտպանության հարցը իր գործունեության գերակա ուղղություններից մեկը: Առաջին անգամ հունիսի 1-ը նշվել է որպես երեխաների պաշտպանության միջազգային օր 1950-ին։
Այսօր տարբեր երկրներում, այդ թվում և Հայաստանում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ՝ երեխաների համար գունեղ և անմոռանալի հուշեր պարգևելու համար: Երևանում մանուկների համար կազմակերպվել են կավճանկարի, լեգոների հավաքման և այլ մրցույթներ, թատերական և համերգային ծրագրեր, ինչպես նաև ամբողջ օրը երեխաների համար իր դռներն է բացել Երևանի Կենդանաբանական այգին:
Այսօր իր դստեր և թոռնուհու հետ այնտեղ է այցելել նաև ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը՝ ներկա գտնվելով Երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետարանի կողմից կազմակերպված տոնական միջոցառումներին:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Հանրապետության ղեկավարին ներկայացրել է Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող կենդանաբանական այգու բարեկարգման և զարգացման ուղղությամբ վերջին տարիներին իրականացված աշխատանքները:
Հետևեք մեզ նաև Telegram-ում