Երևանը՝ քաղաք. Հին Երևանի թաղամասերը
Նմանատիպ
1877-ի այսօրը Երևանը ստացավ քաղաքի կարգավիճակ: Սակայն այս առիթով պատմելու ենք Հին Երևանի մասին:
«Հին Երևան»-ը լայն հասկացություն է. այն տարբեր կերպ կարելի է մեկնաբանել՝ քաղաքի խորհրդային շրջանից մինչև թաղամաս:
Ռուսաստանին միանալուց առաջ Երևանն ընդամենը 30 կմ շրջանագիծ ուներ: Տարածքը բաժանված էր երեք թաղերի՝ Կոնդ, Բուն քաղաք և Քարահանք:
Կոնդը ներկայիս Երևանի Կենտրոն վարչական շրջանում է գտնվում: Նշանակում է և երկարաձիգ, և բլուր: Պարսից տիրապետության տակ անցնելուց հետո անվանվել է Թափաբաշ, որը ևս նշանակում է բլուր:
Հին թաղը ևս մտնում է ներկայիս Կենտրոն վարչաշրջանի մեջ: Այն Հին Երևանի ամենամեծ թաղամասն էր, որի կազմում էին Աբովյան (Աստաֆյան փ.) փողոցը, Թումանյանը (Բ-շկական փ.), ներկայիս «Մոսկվա» կինոթատրոնի տեղում գտնվում էր Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցին, որը Խորհրդային իշխանության որոշմամբ 1930-ականներին քանդվեց, և նրա տեղում կառուցվեց «Մոսկվա» կինոթատրոնը։ Հին թաղում էին Սայաթ-Նովա փողոցը (Եկեղեցական փ.) և Գեթսեմանի մատուռը, որի տեղում այժմ Երևանի Օպերայի և Բալետի Ազգային Ակադեմիական Թատրոնն է:
Իսկ Քարահանք թաղամասը ներկայիս Նալբանդյան-Չարենց-Նար-Դոս-Արշակունյաց-Անգլիական այգի տարածքն էր: Պարսկական տիրապետության հաստատումից հետո այս տարածքն ամբողջությամբ մուսուլմանաբնակ է եղել: Այստեղ եկեղեցիներ չեն կառուցվել, փոխարենը մզկիթ է եղել:
Պարսկական տիրապետության հաստատման շրջանում Հին Երևանում 6 եկեղեցի և 8 մզկիթ կար, իսկ ռուսական ազդեցության շրջանում մզկիթները լքվեցին և շատացան եկեղեցիները:
Երբ Երևանը դարձավ հայկական մարզ, շատացան նաև թաղամասերը: Հին թաղից առանձնանում են Շեն թաղը և Նոր թաղը, Կոնդից առանձնանում է Ձորագյուղը, Քարհանքը և Նորքը։
Այդ ժամանակ Քանաքեռը, Ավանը և մի շարք այլ ներկայիս վարչական շրջաններ ունեին գյուղի կարգավիճակ և չէին մտնում Երևանի կազմ: Երևանից դուրս էին նաև Դալմայի այգիները։
Որպես վերջաբան հիշեցնենք՝ Երևանը հիմնել է Վանի թագավորության Արգիշտի Ա արքան՝ մ.թ.ա. 8-րդ դարում՝ 782 թվականին և անվանել Էրեբունի: Միջնադարում այն Մեծ Հայքի Այրարատ նահանգի Կոտայք գավառի կազմում է ներառված եղել: Երևանը քաղաքի կարգավիճակ է ստացել 1877-ի այսօրը, իսկ այս տարի նշում է հիմնադրման 2805-ամյակը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում