Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

Բնության դրամա․ National geographic-ի անդրադարձը Հայաստանին

The National geographic-ը Հայաստանին նվիրված հրապարակում է արել՝ իր ընթերցողներին կոչ անելով մարտին այցելել ՀՀ՝ այն անվանելով «լեռների վրա կառուցված հինավուրց ու մենակյաց եկեղեցիներով բնության դրամա»։


Հոդվածում նշվում է, որ Հայաստանում կարելի է արշավային արահետներով ուսումնասիրել Կովկասյան լեռների խորքը, լողալ տաք ջրավազաններում կամ զբոսնել քաղաքային այգիներում, որոնք գարնանային ծաղկման ժամանակաշրջանում բազմագույն են դառնում։

Քայլարշավների համար որպես լավագույն վայր պարբերականի հոդվածում առաջարկվում է Դիլիջանի ազգային պարկը, որը ձգվում է մի քանի լեռներով դեպի հյուսիսում գտնվող Տավուշի մարզ, Սյունիքի մարզում՝ դժվարհասանելի Որոտանի կիրճ։ Պարբերականն ընթերցողներին խորհուրդ է տալիս նաև այցելել 9-րդ դարում կառուցված Տաթևի վանք, որտեղով անցնում է աշխարհի ամենաերկար ճոպանուղիներից մեկը։

Սպա դադարների համար խորհուրդ է տրվում այցելել Ջերմուկ՝ հանգիստ լեռնային քաղաք, որը սուզվող կիրճով ու Արփա գետով կիսված է երկու մասի։ Հոդվածում նշվում է, որ ժայռերի և անտառների դրամատիկ լանդշաֆտը գեղատեսիլ տեսարան է առաջարկում այցելուներին, որոնք ապաստան են փնտրում տասնամյակներ շարունակ տարածաշրջանի ճամփորդներին գրաված քաղաքի սպա հանգստավայրերում։ Մի շարք հյուրանոցներ առաջարկում են բուժում, ներառյալ՝ հիդրոթերապիա, որպես այլընտրանք՝ պարբերականն իր ընթերցողներին առաջարկում է լողալ հանքային ջրերում կամ ընկղմվել աղի քարանձավների բուժիչ մթնոլորտում, որը հայտնի է որպես հալոթերապիա:

Իսկ քաղաքային հանգստի սիրահարներին առաջարկվում է այցելել վարդերով լեցուն և լայն պողոտաներով Երևան։ Այցելուներին առաջարկվում է այցելել սրճարաններ, հիանալ Կասկադով՝ քաղաքի կենտրոնում գտնվող հսկա կրաքարե աստիճաններով, իսկ օրն ավարտել Սարյան փողոցում, որտեղ կան բազմաթիվ գինետներ: Գարունն իդեալական ժամանակ է նաև քաղաքի կանաչ տարածքները բացահայտելու համար. առաջարկվում է ուսումնասիրել խնամքով մշակված Անգլիական զբոսայգին, որը Երևանի ամենահին և ամենամեծ այգիներից մեկն է, կամ գնալ քաղաքի ծայրամաս՝ Արարատ լեռը տեսնելու: Իսկ առավել արկածախնդիրներին առաջարկվում է ուղղաթիռով հիանալ քաղաքի ու դրա շրջակայքի տեսարաններով։

Հետևեք մեզ նաև Telegram-ում