Միջազգային լրահոս․ Մարտի 22

Միջազգային լրահոս․ Մարտի 22

Times.am-ը ներկայացնում է աշխարհում և տարածաշրջանում անցնող օրվա ամենակարևոր միջազգային իրադարձությունների ամփոփագիրը։

Սպիտակ տունը կոչ է անում բացել Լաչինի միջանցքը

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին ճեպազրույցում լրագրողի խնդրանքով անդրադարձել է Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակմանը:

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը: Մենք չենք ցանկանում տեսնել որևէ բռնություն, և ցանկանում ենք, որ բոլոր կողմերը ձեռնարկեն համապատասխան քայլեր՝ լարվածությունը թուլացնելու և բռնությունը դադարեցնելու համար», -ասել է Քիրբին։

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը Մոսկվայում ուշագրավ հայտարարություն է արել 

Չինաստանի ղեկավար Սի Ծինփինը երեք օր տևած պետական այցի ավարտին, հրաժեշտ տալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, ուշագրավ հայտարարություն է արել։ Պուտինը դուրս է եկել Կրեմլի մեծ պալատի շքամուտքի մոտ՝ Սի Ծինփինին ճանապարհելու։ Դռան մոտ առաջնորդները կանգ են առել հրաժեշտի խոսքեր փոխանակելու համար։

«Հենց հիմա տեղի են ունենում փոփոխություններ, որոնք չէին եղել հարյուր տարի, և մենք միասին առաջնորդում ենք այդ փոփոխությունները», – ասել է Չինաստանի ղեկավարը երկար ձեռքսեղմման ժամանակ։ «Համաձայն եմ»,- պատասխանել է ՌԴ ղեկավարը։

Մոլդովան մեկնարկել է ԱՊՀ-ից դուրս գալու գործընթացը

Մոլդովայի կառավարությունը որոշել է հետ կանչել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) գործադիր մարմիններում իր ներկայացուցչին: Այս մասին Ինտերֆաքսին հայտնել են Մոլդովայի նախարարների կաբինետի մամուլի ծառայությունում:

Որոշում է ընդունվել, որ Թեոդոր Յովուն հետ է կանչվում ԱՊՀ-ի գործադիր կոմիտեի փոխտնօրենի, տնտեսական համագործակցության վարչության պետի պաշտոնից։ Որոշումն ուժի մեջ է մտնում ապրիլի 14-ից։ Յովուն այս պաշտոնում նշանակվել է 2020 թվականի դեկտեմբերին։

Մեծ Բրիտանիան Ուկրաինային ուրան պարունակող արկեր է մատակարարում

Մեծ Բրիտանիայի կողմից Ուկրաինային ուրան պարունակող արկերի մատակարարումը չի հանգեցնում հակամարտության միջուկային էսկալացիայի։ Այս կարծիքին է Միացյալ Թագավորության արտաքին գործերի նախարար Ջեյմս Քլևերլին։

«Միջուկային էսկալացիա չկա: Միակ երկիրը, որը խոսում է միջուկային ասպեկտների մասին, Ռուսաստանն է», – ասել է պաշտոնյան, – «Ռուսաստանին ոչինչ չի սպառնում, «խոսքը միայն Ուկրաինային պաշտպանելու հարցում օգնելու մասին է»։

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, մեկնաբանելով հնարավոր միջուկային ռազմական ճգնաժամը, ասել ՝ Մոսկվայի պատասխանը «սարսափելի կլինի»:

Զելենսկին կրկին այցելել է Բախմուտ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կրկին այցելել է Դոնեցկի շրջանի առաջնագիծ և պարգևատրել Բախմուտի պաշտպաններին։

Նշվում է, որ Զելենսկին այցելել է Բախմուտի ուղղությամբ տեղակայված ուկրաինացի զինվորականների դիրքեր։ Նա լսել է ռազմաճակատի այս հատվածում օպերատիվ իրավիճակի և ռազմական գործողությունների ընթացքի մասին զեկույցները, զրուցել զինվորականների հետ և շնորհակալություն հայտնել Ուկրաինայի պաշտպանության համար։ «Ես պատիվ ունեմ այսօր լինել այստեղ՝ մեր պետության արևելքում՝ Դոնբասում, և պարգևատրել մեր հերոսներին, շնորհակալություն հայտնել ձեզ, սեղմել ձեր ձեռքերը: Շնորհակալություն Ուկրաինայի արևելքը, պետությունը, ինքնիշխանությունը պաշտպանելու համար»,- ասել է Զելենսկին։

Նա զինվորականներին նաև պետական ​​պարգևներ է հանձնել։ Բացի այդ Զելենսկին այցելել է զինվորականներին, որոնք բուժվում են վնասվածքներից։

Բեյրութի կենտրոնում ցուցարարները փորձել են գրավել կառավարական պալատը

Լիբանանի մայրաքաղաք Բեյրութի կենտրոնում զանգվածային բողոքի ցույց է տեղի ունեցել՝ կապված աշխատողների սոցիալական վիճակի վատթարացման հետ, հաղորդում է Bloomberg-ը։

Գործակալության տվյալներով՝ ցուցարարները հավաքվել են Ռիադա Սոլհա հրապարակում, այնուհետև փորձել են գրավել Սերայի կառավարական պալատը։

Նշվում է, որ ցուցարարները բախվել են ոստիկանների հետ, ովքեր նրանց դեմ արցունքաբեր գազ են կիրառել։ Ցուցարարների թվում կան տուժածներ:

Հունաստանում երկաթուղային վթարից հետո արտահերթ ընտրություններ կանցկացվեն

Վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մայիսին համապետական ընտրություններ է նշանակել՝ հուլիսին իր պահպանողական կառավարության կառավարման ժամկետի ավարտից երկու ամիս առաջ:

Երկրում մի շարք բուռն զանգվածային բողոքի ցույցեր գրանցվեցին ողբերգական երկաթուղային աղետից հետո, որի հետևանքով 57 մարդ զոհվեց։ Ցուցարարներն իրար փոխարինած կառավարությանը մեղադրում են անվտանգային խնդիրները լուծելու անկարողության մեջ, որը Հունաստանում տասնամյա ֆինանսական ճգնաժամի ժառանգությունն է, որն ավարտվել է 2018 թվականին։

Հետևեք մեզ նաև Telegram-ում