Երևանում կայացել է ՀՀ-ԵՄ համագործակցությանը նվիրված նիստ

Հայաստանի Հանրապետություն-Եվրամիություն համագործակցության շրջանակում Երևանում տեղի է ունեցել «Զբաղվածության և սոցիալական հարցերի, առողջապահության, վերապատրաստման, կրթության և երիտասարդության, մշակույթի, տեղեկատվական հասարակության և աուդիովիզուալ քաղաքականության, գիտության և տեխնոլոգիաների հարցերով» համագործակցության ենթակոմիտեի անդրանիկ նիստը: Հայկական կողմից նիստը վարել է ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Կարինե Հարությունյանը, իսկ ԵՄ կողմից խմբի ղեկավար, Հարավային Կովկասի երկրների հետ ասոցացման համաձայնագրի բանակցությունների համակարգող պարոն Չեզարե դե Մոնտիսը, տեղեկացնում են ՀՀ ԿԳ նախարարությունից:

Հանդիպմանը ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Զոհրաբ Մնացականյանը: Նիստին մասնակցել են ՀՀ ԿԳՆ, աշխատանքի և սոցիալական հարցերի, մշակույթի, երիտասարդության, առողջապահության, էկոնոմիկայի նախարարությունների և մի շարք այլ մարմինների պատասխանատուներ, որոնք ներկայացրել են Հայաստանում տեղ գտած վերջին զարգացումները, բարեփոխումների ընթացքը և հայկական կողմի սպասելիքները: 

Եվրոպական հանձնաժողովի պաշտոնյաները իրենց հերթին ներկայացրել են ԵՄ քաղաքականության, երկկողմ և բազմակողմ ծրագրերի շրջանակներում համագործակցության նոր հնարավորությունները և գործիքները: Նիստի ընթացքում ներկայացվել են Էրազմուս Մունդուս, Ժան Մոնե գիտակրթական ծրագրերը: Անդրադարձ է կատարվել նորությունների, տեղեկատվական հասարակության, սոցիալական քաղաքականության, առողջապահության և մի շարք այլ բնագավառներում համագործակցությանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում