ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը ներկայացվել է ԱԺ-ում
Նմանատիպ
Հունիսի 1-ին ԼՂՀ Ազգային ժողովում պաշտոնապես ներկայացվեց ԼՂՀ 2011թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը, որով և մեկնարկեցին փաստաթղթի նախնական քննարկումները, հայտնում են ԼՂՀ ԱԺ լրատվական ծառայությունից։
Ներկա էին ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանը և փոխնախագահ Արթուր Թովմասյանը, փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը, խորհրդարանի մշտական հանձնաժողովների և խումբ-խմբակցությունների անդամներ, կառավարության անդամներ, գերատեսչությունների ղեկավարներ։
Կառավարության լիազորմամբ հանդես գալով բյուջեի կատարողականի վերաբերյալ հաղորդմամբ՝ փոխվարչապետ, ֆինանսների նախարար Սպարտակ Թևոսյանը ներկայացրեց հաշվետու տարում հանրապետության կենսագործունեության տարբեր բնագավառներում ու ոլորտներում արձանագրված ցուցանիշները, նշեց զարգացման միտումները։ Նշելով, որ 2011թ. ընթացքում բյուջետային քաղաքականությունը նպատակաուղղված է եղել բնակչության սոցիալական հարցերի լուծմանը, կենսամակարդակի բարձրացմանը, պետական միջոցների նպատակային ծրագրավորման գործընթացների իրականացմանը, նա հաղորդեց, որ հաշվետու տարում տնտեսական աճը կազմել է 9.1 տոկոս, անվանական արտահայտութամբ համախառն ներքին արդյունքը (ՀՆԱ)՝ 135.5 մլրդ դրամ՝ նախորդ տարվա 118.2 մլրդ դրամի դիմաց, պետական բյուջեի սեփական եկամուտները կազմել են 25756398.1 հազար դրամ` նախորդ տարվա համեմատ 1 948 897.2 հազար դրամով ավելի։
Փոխվարչապետը հանդես եկավ նաև լրացուցիչ պարզաբանումներով՝ պատասխանելով պատգամավորների հարցերին, որոնք վերաբերում էին նախորդ տարվա կատարողականի տրամաբանությանը և առանձին դրույթների։
Նիստի ավարտին հայտարարվեց, որ 2011թ. պետական բյուջեի կատարողականի խոհրդարանական քննարկումները կշարունակվեն ԱԺ մշտական հանձնաժողովներում և պատգամավորական խումբ-խմբակցություններում` համաձայն հաստատված ժամանակացույցի։
Հետևեք մեզ նաև Telegram-ում