Իվան Կրամսկոյի այդքան ծանոթ «Անծանոթուհին»
Նմանատիպ
Երբ փոքր էի, հիշում եմ՝ այս նկարը կախված էր և մեր հարևանի տանը, և կոշկակարի կրպակում, և տատիս հաշվապահական աշխատասենյակում, և պոլիկլինիկայում, և տրամվայում: Ամենուրեք իր հայացքով ինձ ուղեկցող անծանոթուհու մասին ես իմացա բավականին ուշ, երբ առաջին անգամ այցելեցի Մոսկվա ու որոշեցի շրջել թանգարաններով ու պատկերասրահներով:
Տրետյակովյան պատկերասրահն իմ հիշողության մեջ մինչ օրս դաջված է՝ որպես մանկությունից ինձ ուղեկցող հայացքների մեծ բացահայտումների կանգառ:
Այնտեղ տեսա ու իմացա վաղուց ծանոթ Վիկտոր Վասնեցովի «Դյուցազուններ»-ի, Միխայիլ Վրուբելի «Նստած դև»-ի, Վալենտին Սերովի «Դեղձերով աղջկա» և, ուշադրություն, Իվան Կրամսկոյի «Անծանոթուհու» մասին:
Այո, մանկությունից ինձ ծանոթ անծանոթուհին Իվան Կրամսկոյի «Անծանոթուհին» էր:
Ո՞վ է անծանոթուհին. վարկածները շատ են: Նկարչի կենսագիրների ու դստեր վարկածով կտավի անծանոթ կինը տարբեր բնորդուհիների համահավաք պատկեր է: Մեկ այլ վարկածով գեղջկուհի Մատրյոնա Սավիշնան է, որն ամուսնացել էր ազնվական Բեստուժևի հետ, որի մտերիմներից էր նկարիչը: Միգուցե անծանոթուհին Ալեքսանդր 2-րդ ցարի սիրուհի Եկատերինա Դոլգորուկովան է, իսկ դիմանկարը պատվիրել է հենց ցարը: Վարկածներից որն է իրական, պարզ չէ, բայց նկարիչն էլ այդ մասին ոչինչ չի պատմել ոչ իր հուշագրություններում, ոչ նամակներում:
Իվան Կրամսկոյը ռուսական դեմոկրատական գեղարվեստական շարժման գաղափարական առաջնորդն էր: Աշխարհի գեղանկարչության պատմության մեջ նա հավերժ կմնա որպես անծանոթ նկարիչ, որը նկարել է «Անծանոթուհուն»: Իսկ ինչո՞ւ է անծանոթ ինքը: Նկարչի դեմքը մեր օրեր հասել է իր իսկ կտավների միջոցով: Նրան հիմնականում ճանաչում են իր ինքնադիմանկարներով: Նրա մասին երկար-բարակ պատմություններ ու գրականություն քիչ կա: Բայց նա 6 զավակ է ունեցել, որոնցից միայն դուրստրն է հասցրել ուսումնասիրել հոր արվեստը, այն էլ հավանաբար որովհետև ինքն էլ գեղանկարիչ էր:
Եթե չեք կարող շրջել աշխարհի պատկերասրահներում, այցելել Սանկտ Պետերբուրգ և շրջել նկարչի հետքերով, ապա հենց այստեղ՝ Երևանում կարող եք տեսնել Իվան Կրամսկոյի «Քրիստոսի գլուխը» և «Ծովակալ Գրեյգի դիմանկարը», որոնք պահված են Հայաստանի ազգային պատկերասրահում։
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում