Եթե հիվանդը ուզում է մահանալ, բժշկությունն անզոր է
Նմանատիպ
Խորհրդարանական ընտրություններում 5 տոկոս հավաքած «Օրինաց երկիր» կուսակցությունը խոր ճգնաժամի մեջ է հայտնվել: Անցած տարիների գրեթե լիակատար անգործությունն ու կուսակցության առաջնորդների մեծամտությունը ՕԵԿ–ը կանգնեցրել են կազմալուծման վտանգի առջև: Խորհրդարանական ընտրություններից առաջ նույնիսկ քննարկվում էր ՕԵԿ-ի՝ Հանրապետական կուսակցությանը միանալու հեռանկարը: Սակայն ամենաբարի Ֆորտունան որոշեց ևս մեկ՝ թերևս վերջին շանսը տալ Արթուր Բաղդասարյանի քաղաքական թիմին:
Խորհրդարանական ընտրություններից առաջ «Օրինաց երկրի» համալրվեց նոր և երիտասարդ քաղաքական դեմքերով: Նելսոն Զուլոյանն ու Դավիթ Կարապետյանը տեղավորվեցին ՕԵԿ–ի համամասնական ցուցակի 9-րդ և 10-րդ հորիզոնականներում: Խոշոր հաշվով, կուսակցության նախընտրական քարոզչության հիմքում էլ ընկած էր նոր գաղափարների և արտասահմաններում կրթություն ստացած երիտասարդների պոտենցիալը: Սակայն քվեարկության օրը պարզ դարձավ, որ հենց այդ երիտասարդները, որոնք փորձում էին նոր շունչ տալ մեռնող կուսակցությանը, խորհրդարանում չեն հայտնվի: Պատճառը հավաքած ձայների ցածր տոկոսն ու ավագ կուսակցական ընկերների վերին աստիճանի էգոիզմն ու քաղաքական անհեռատեսությունն է:
Վերջին շրջանում հայկական լրատվամիջոցները շարունակ գրում են ՕԵԿ համամասնական ցուցակով խորհրդարան անցած գործիչներից երկուսի՝ Խաչիկ Հարությունյանի և Իշխան Խաչատրյանի ինքնաբացարկի անհրաժեշտության մասին: Հանրության պահանջը հստակ է և պարզ՝ տարեցները և քաղաքական դաշտում ոչնչով աչքի չընկած գործիչները պետք է զիջեն երիտասարդներին: Դա ՕԵԿ–ի փրկության միակ և վերջին շանսն է: Թվում է, այս իրողությունը հասկանում են բոլորը, բացի հիշատակված գործիչներից, որոնք խորհրդարանում լինել–չլինելու հարցը հավասարեցրել են ընդհանրապես իրենց լինել–չլինելու հեռանկարի հետ: Եվ դա բնական է: Չէ՞ որ ակնհայտ է, որ այդպես էլ չկայացած քաղաքական գործիչներին սպասվում է քաղաքական դիակի ճակատագիր: Միակ հարցը կայանում է նրանում, կքաշե՞ն արդյոք նրանք կուսակցությունն իրենց ետևից, թե՞ ՕԵԿ–ը դեռ փրկվելու շանսեր ունի:
Հետևեք մեզ նաև Telegram-ում