Թերթերն այսօր. Ինչու՞ չկազմվեց ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան և ի՞նչ է ակնկալվում ՀՀԿ-ի և Ժառանգության հավաքներից

Հետընտրական զարգացումներ.

 «Հայկական ժամանակ»-ի տեղեկություններով` ԱԺ աշխատակազմում բավական հետաքրքիր փոփոխություններ են սպասվում. աշխատանքից կազատվեն մի քանի առանցքային պաշտոն զբաղեցնող դեմքեր:

Խոսքը, մասնավորապես, ԱԺ աշխատակազմի ներկայիս ղեկավար Վրեժ Գասպարյանի մասին է, որին այդ պաշտոնում նշանակել է ԱԺ նախկին նախագահ Սամվել Նիկոյանը` ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Գեղամ Ղարիբջանյանի փոխարեն, որն այժմ ՀՀ դեսպանն է Արաբական միացյալ Էմիրություններում:

Ըստ թերթի` աշխատակազմի ղեկավարի երկու հավանական թեկնածուի անուններ էին շրջում. Մեկը` կապի և տրանսպորտի նախարարի պաշտոնակատար, ՕԵԿ-ական Մանուկ Վարդանյանն էր, մյուսը` Սերժ Սարգսյանի վերահսկողական ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանը, որը բավական մտերիմ է ԱԺ նորընտիր նախագահ Հովիկ Աբրահամյանի հետ: Թե նրանցից ով կդառնա ԱԺ աշխատակազմի ղեկավար, հավանաբար հայտնի կդառնա երկուշաբթի: Թերթը նաև նշում է, որ աշխատանքից ազատվելու է լրատվության և հասարակայնության վարչության պետ Հրայր Զորյանը:

«Հրապարակ» թերթն իր հերթին գրում է, որ նախագահ Սերժ Սարգսյանի վերահսկողության ծառայության պետ կարող է նշանակվել ԴԱՀԿ ծառայության պետ Միհրան Պողոսյանը, ում նախագահը վերջերս էր գեներալի կոչում շնորհել: Ըստ թերթի` Նախագահի վերահսկողության ծառայության պետ Հովհաննես Հովսեփյանի մասին տարբեր լուրեր են շրջում. ոմանք ասում են, որ նա կարող է նշանակվել ԱԺ աշխատակազմի ղեկավար: Ոմանք էլ, թե` կապի և տրանսպորտի նախարար:

Թերթը նաև գրել է. «Նոր կառավարություն կազմելու նախօրյակին բազում անուններ են նշվում` որպես նախարարների թեկնածուներ: Ամենից մեծ հարցականներ առաջացրած աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի պաշտոնի համար երեկ նոր անուն դրվեց շրջանառության մեջ: Ըստ լուրերի, նախարար է նշանակվելու Եվրոպական տարածաշրջանային ակադեմիայի ռեկտոր Անդրանիկ Ավետիսյանը»: 

Թերթը հիշեցնում է, որ ակադեմիան կապվում է Արթուր Բաղդասարյանի և ՕԵԿ-ի հետ:

«Ժողովուրդը» գրում է, որ ԱԺ-ում դեռևս սենյակ չի առանձնացվել ՀԱԿ ընդդիմադիր խմբակցության ու նրա պատգամավորների համար: Ըստ թերթի` ԱԺ նախկին պատգամավորների աշխատասենյակների դռներից անհետացել են ցուցատախտակները, բայց դեռ չեն փակցվել նորերը: «Ուշագրավն այն է, որ նախօրեին` ԱԺ առաջին նիստի ժամանակ, իշխանական պատգամավորները փորձում էին լեզու գտնել ԱԺ գործերի կառավարիչ Հմայակ Մկրտչյանի` Համիկի հետ` խնդրելով իրենց մի լավ աշխատասենյակ հատկացնել: Հատկապես նոր պատգամավորները դժգոհում էին, որ ԱԺ-ում «դեմբելական» կարգեր են հաստատված, և հին պատգամավորներն արդեն իսկ զբաղեցրել են «գոլդ» սենյակները»,- գրում է թերթը:

Ի՞նչ որոշումներ են ակնկալվում ՀՀԿ-ի և Ժառանգության հավաքներից.

«Հրապարակ»-ը գրում է, որ այսօր, ժամը 16:00-ին տեղի է ունենալու ՀՀԿ գործադիր մարմնի նիստը, իսկ կես ժամ անց` խորհրդի նիստը: Այդ նիստերի ժամանակ ՀՀԿ ղեկավար և հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարելու է, որ վարչապետ է նշանակում Տիգրան Սարգսյանին: Հնարավոր է, որ նախագահ Սարգսյանը ներկայացնի նաև ապագա կառավարության կազմը: Նախագահը տևական ժամանակ բացակայելու է երկրից, քանի որ պաշտոնական այցեր ունի արտերկիր, և հիմա թերևս ամենահարմար ժամանակն է` լուծելու կառավարության հարցը:

«Հայկական ժամանակ»-ի հաղորդմամբ՝ այսօր տեղի է ունենալու «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որի ժամանակ ընտրվելու է կուսակցության նոր վարչության կազմը, գնահատական է տրվելու մայիսի 6-ին կայացած Աժ ընտրություններին, նաև որոշվելու է, թե «Ժառանգությունն» ինչ կազմով է գնալու Աժ: Ինչպես հայտնի է, «ժառանգությունը» նոր խորհրդարանում ստացել է պատգամավորական 5 տեղ: Կուսակցության համամասնական ցուցակի առաջին 5 համարներն են` Րաֆֆի Հովհաննիսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, Զարուհի Փոստանջյանը, Ալեքսանդր Արզումանյանը և Ռուբեն Հակոբյանը: «Ժառանգության» այս երեք անդամները, երեկվա դրությամբ, ԿԸՀ-ից դեռ չէին վերցրել իրենց մանդատները: «Ազատ դեմոկրատների» ներկայացուցիչներ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալեքսանդր Արզումանյանը, սակայն, մանդատները վերցրել են հենց մայիսի 30-ին: Այսինքն, նրանք ինքնաբացարկի դիմում չեն ներկայացնի, չնայած, ըստ հավաստի տեղեկությունների, Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է Քոքոբելյանին ու Արզումանյանին համոզել` հրաժարվել մանդատներից: «Մենք տեղեկացրել էինք, որ Հովհաննիսյանի առջև խնդիր է դրված` խորհրդարան անցկացնել կուսակցության համամասնական ցուցակի 6-րդ համարին` Թևան Պողոսյանին: «Ազատ դեմոկրատներից» մերժում ստանալուց հետո Րաֆֆի Հովհաննիսյանը փորձել է Զարուհի Փոստանջյանին համոզել, որ մանդատից հրաժարվի: Վերջինս, սակայն, կտրականապես հրաժարվել է: Ենթադրվում է, որ այսօրվա համագումարում ինքնաբացարկի դիմում կներկայացնի ինքը` Ր. Հովհաննիսյանը, և կհայտարարվի, որ նա առաջադրվելու է 2013 թվականի նախագահի թեկնածու»,- եզրափակել է թերթը:

Ինչու՞ չկազմվեց ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիան.

«168 ժամի» տեղեկություններով` մայիսի 6-ի ընտրություններից հետո կոալիցիա կազմելու շուրջ ՀՀԿ և ԲՀԿ ղեկավարներ Սերժ Սարգսյանի և Գագիկ Ծառուկյանի բանակցությունների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ ԲՀԿ-ն նախագահական ընտրություններին կպաշտպանի գործող նախագահի թեկնածությունը` փոխարենը ստանալով վարչապետի պաշտոնը: Այսինքն` նախագահական ընտրություններից հետո կկազմվի կոալիցիոն կառավարություն` արդեն ԲՀԿ-ի գլխավորությամբ: «Արդյոք Ս.Սարգսյանն ու Գ.Ծառուկյանը նման պայմանավորվածություն ձեռք բերե՞լ են»,- հարցին ի պատասխան` թերթի թղթակցի հետ հեռախոսազրույցում ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «ճիշտն ասած, ես նման տեղեկատվության չեմ տիրապետում, նման խնդիր չի էլ քննարկվում այսօր»:

Թերթը մեկ այլ լուրով տեղեկացնում է, որ ՀՀԿ-ԲՀԿ կոալիցիա չի կազմվել Ռոբերտ Քոչարյանի պատճառով: Թերթի թղթակցի հետ զրույցում Վարդան Օսկանյանը, ըստ էության, չի հերքել այս տեղեկությունը. Նա հարցը լսելուց հետո քմծիծաղ է տվել ու ոչինչ չի պատասխանել:

Զարմանազան.

«Հայկական ժամանակը» գրում է, որ Երևանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանի ռեկտորի թափուր պաշտոնի մրցույթին մասնակցելու համար կրթության և գիտության նախարարություն երկու դիմում է ներկայացվել: Այդ պաշտոնին հավակնում են ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Գայանե Գասպարյանը և Վաղարշակ Մադոյանը: Երկուսն էլ դասավանդում են Լեզվաբանական համալսարանում: Մադոյանը նախկինում նաև «Անանիա Շիրակացի» համալսարանն է ղեկավարել: 

Թերթը նշում է, որ Գայանե Գասպարյանից առաջ այս բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար էր նշանակվել համալսարանի իրավական, վարչական և տնտեսական աշխատանքների գծով պրոռեկտոր Գաբրիել Բալայանը, և շատերն էին համոզված, որ հենց նա է լինելու ռեկտորը: Այդ պնդումները պայմանավորված էին, թերևս, այն հանգամանքով, որ պրոռեկտոր Բալայանի հայրը Սահմանադրական դատարանի անդամ Կիմ Բալայանն է: Նրա որդին, սակայն, չի համապատասխանում ռեկտորի թեկնածուին ներկայացվող պահանջներին, քանի որ ռեկտոր կարող է դառնալ գիտությունների դոկտոր-պրոֆեսորը, այնինչ` Գաբրիել Բալայանը իրավաբանական գիտությունների թեկնածու է:

«Երկիրը» գրում է, որ հակակարկտային կայաններ չեն տեղադրվում Արմավիրի մարզի մի շարք գյուղերում: Մասնավորապես` Հացիկ գյուղում, քանի որ գյուղապետը ԲՀԿ-ական է և հասկանալիորեն գյուղում գերակշիռ ձայներ է տարել այս կուսակցության օգտին: Իսկ կառավարությունը որոշել է հակակարկտային կայան չտեղադրել` այդ գյուղում կարկուտ չի գալիս: Գյուղապետին, ըստ թերթի տեղեկությունների, հասկացրել են, որ կարկուտից պաշտպանվելու այլ մեթոդ գտնի: «Կառավարությունը կոչված է պաշտպանել ամբողջ ժողովրդին` անկախ այն բանից` իրեն ընտրե՞լ է, թե՞ ոչ, բայց մեր կառավարությունը որդեգրել է քինախնդրության քաղաքականություն»,- գրում է թերթը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում