Կասկադի հարակից տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա
Նմանատիպ
Ալեքսանդր Թամանյանի արձանի հարակից Կասկադի տարածքում հատված ոչ կենսունակ ծառերի փոխարեն կտնկվի 46 սակուրա։
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը։
«Քաղաքապետարանում տեղի էր ունեցել գիտաժողով, մասնակցում էին ոլորտի ամենաճանաչված գիտնականները, որոնք և հորդորեցին փոխարինել օր առաջ կենսունակությունը կորցրած կամ դրա ավարտին մոտ գտնվող ծառատեսակները։ Առանց այն էլ Երևանի կանաչ ֆոնդը բավականին պակաս է մեկ շնչին ընկնող հաշվարկով և եղած ծառերի գրեթե կեսը կորցրել են կամ կորցնում են իրենց կենսունակությունը և եթե անհապաղ միջոցներ չձեռնակեինք նոր ծառերի տնկման, ապա մի քանի տարի անց Երևանը կվերածվի կիսանապատի։ Սրանով է պայմանավորված ծառերի փոխարինումը»,- ասել է Բեգոյանը։
Նրա խոսքով՝ տեղանքը, ճարտարապետությունը, մայթերի լայնությունը հուշել է, որ այստեղ հնարավոր չէ տեղադրել մեծ սաղարթ ունեցող ծառեր։
« Եթե մենք պայմանական այստեղ տնկենք սոսիներ, ապա մի քանի տարի հետո այս սոսիների ճյուղերը կմտնեն շենքի բնակիչների պատուհաններից ներս։ Դրա համար այստեղ որոշված է համեմատաբար փոքր սաղարթով սակուրաներ տնկել։ Նաև նպատակահարմար է, որ ծառերը մեծ սաղարթ չունենան և չփակեն շենքերի գեղագիտական տեսքը։ Այս սակուրաներն ունեն իրենց հատուկ ձևը՝ ինչպես նախատեսված է, այդպես էլ աճելու են, նրանց ձևավորելու անհրաժեշտություն չի լինելի »,- նշել է Բեգոյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում