Կարոն՝ Արցախյան պատերազմում կյանքի ճանապարհը փակել չթողած հրամանատարը
Նմանատիպ
«Իմ կուսակցությունը իմ երկիրն է ու ժողովուրդը». Կարո
Կարո Քահքեջյանն Արցախյան ազատամարտի ակնառու մարտիկներից էր՝ Սիրիայում ծնված, Գերմանիայում սովարած, ԱՄՆ-ում ապրած, Բեյրութի հայկական թաղամասի ինքնապաշտպանական մարտերին մասնակցած և Արցախում հերոսամարտում զոհված:
31 տարի ապրած մարդու համար սա շատ հարուստ կենսագրություն է: Պատերազմի տարիներին Կարոն մասնակցել է Հայաստանի Արարատի, Տավուշի, Արցախի Ասկերանի, Մարտակերտի, Քարվաճառի շրջանների, Բերդաձորի ենթաշրջանի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին։
«Բոլորը թող իմանան, դիւանագիտութիւն ալ կը խաղանք, սրիկաներ կուգան մեր մօտ, երեսնին ալ կը խնդանք, բարի տեսքով…բայց հետ այսու մեր ատամները պողպատ են, մենք ալ 1915-ի հայը չենք, մեր թշնամիներուն վիզերը կը պոկենք». Կարո։
Կարոն կարող էր լինել մեկն այն հայերից, որ անգիր կիմանար բոլոր ռազամահայրենասիրական երգերը, կարիքի դեպքում փող կուղարկեր հայրենիք ու կշարունակեր սիրել և կարոտել հայրենիքը, մտահոգվել ու հայրենիքում ապրողներին դասեր տալ հեռվից…բայց նա կյանքի այլ ճանապարհ էր ընտրել. գիտեր՝ հանուն ինչի ապրել ու մեռնել հայրենիքի համար:
ԱՄՆ-ում իր ողջ ունեցվածքը վաճառելով՝ նա որոշում է տեղափոխվել պատերազմող Արցախ՝ հայրենիքը պաշտպանելու:
Այդ շրջանում Կարոն երազանք ուներ հաղթել պատերազմն ու կանոնավոր բանակ ձևավորել: Նրա «Խաչակիրներ» ջոկատը հենց այդ բանակի օրինակելի նախատիպն էր՝ անձնուրաց հայրենասերների ու հայրենատերների խումբ՝ զերծ վատ վարքից ու սովորություններից: «Խաչակիրները» Պաշտպանության կոմիտեի գաղտնի առաջադրանքներն էին կատարում, ովքեր էին ջոկատում, ուր են, ինչ են անում, ժողովուրդը ոչինչ չգիտեր:
1992-ի աշունն էր, թշնամին փորձ արեց փակել Արցախի կյանքի ճանապարհը՝ Բերձորը, որը փակել չստացվեց. Կարոյի ջոկատը անցավ թշնամու թիկունք ու թույլ չտվեց մոտենալ ճանապարհին:
Այն, ինչ նախկինում զինված ու մեծաթիվ զորք ունեցող թշնամուն չհաջողվեց, հաջողվել է հիմա. արդեն 103 օր է փակ է Բերձորը՝ Արցախի կյանքի ճանապարհը:
«Խաչակիրները» թշնամուն սարսափն էին: Որտեղ հանդիպում էին, գիտեին՝ հետ են մղվելու դաժան կորուստների գնով: Ովքեր էին ընդգրկված այդ խիստ փոքրաթիվ, բայց խիստ մարտունակ ջոկատում, մինչ օրս ամբողջությամբ հայտնի չէ: Եթե նույնիսկ այստեղ մենք մոռացել ենք կամ չենք էլ ճանաչում նրանց, միևնույնն է, թշնամին լավ է հիշում…
Կարոյին իր մարտական ընկերներն ու պատերազմի տարբեր էմիկենտրոններում հանդիպածները հիշում են իր գլխաշորով՝ լաչակով: Մարտերի ժամանակ նա կապում էր գլխին լաչակը ու կռվում ամուր պահում իր դաշույնը՝ խանչալը, որն իրեն էր փոխանցվել իր ֆիդայի պապից:
Պատերազմի տարիներին աշխարհն ինֆորմացիոն բլոկադայի մեջ էր, հավանաբար հիմա էլ ու միշտ… Սփյուռքում չգիտեին՝ իրականում ինչ է կատարվում ու ինչ մասշտաբի: Կարոն պարբերաբար մեկնում էր ԱՄՆ, պատմում համաշխարհային մամուլին ու տեղի բնակչությանն Արցախի պատերազմի մասին, օգնություն հավաքում հայերից:
Կարոյին զինակիցները Սպիտակ արջ էին անվանում: Կարոն զոհվեց Մաղավուզի բարձունքին՝ մեն-մենակ «Պուշկեն յալը» պաշտպանելով: Պատերազմից հետո «Խաչակիրներն» այցելել են Մարտակերտի շրաջանի Մաղավուզ գյուղը, եղել բարձունքում, որտեղ զոհվել է հրամանատարը: Տեղանքում եղած ջոկատի տղերքն ասել են՝ թշնամին բարձունքում շուրջ 50 դիակ է թողել ու զինտեխնիկա:
Մաղավուզի բարձունքում կյանքը հայրենիքին տված Կարոն այժմ Եռաբլուրի բարձունքից է հսկում հայրենիքը: Նա երկու երազանք ուներ՝ մի օր բարձրանալ Արարատ ու սեփական ձեռքերով հալեցնել Մասիսի ձյունը և ապրել ծովից ծով Հայաստանում:
Կարոն ամուսնացած չէր, երեխաներ չուներ: Իր պաշտպանած հայրենիքում, ցավոք, իր երեխաները չեն մեծանում և, ցավոք, մենք մեր երեխաներին իսկական հերոսների մասին չենք պատմում ու հայրենասիրության դասը համարում ենք պաթետիկ: Հայրենիքը բառերով չեն սիրում, բայց սերունդները պետք է իմանան այն մարդկանց մասին, որոնց կյանքի գնով կյանք ունեն իրենք:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում