Մեկնարկել է «Ժառանգության» համագումարը. Սպասվում է՝ բազմաթիվ հարցերի պատասխան կտրվի
02/06/2012 12:46
Նմանատիպ
Այսօր Գրողների միության դահլիճում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության արտահերթ համագումարը, որի օրակարգում է վարչության ընտրությունը:
Ինչպես հաղորդում է Panorama.am-ը, համագումարին մասնակցում են միայն «Ժառանգության» ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանը, Ռուբեն Հակոբյանը, Ստյոպա Սաֆարյանը, Անահիտ Բախշյանը , Արմեն Մարտիրոսյանը և այլոք: Ընդ որում բոլոր վերոնշյալ մարդիկ նստած են առաջին շարքում, կուսակցության առաջնորդի հարևանությամբ, իսկ Արմեն Մարտիրոսյանը՝ նիստերի դահլիճի վերջին շարքում:
Իսկ ահա «Ազատ դեմոկրատներ» կուսակցության գործընկերները, ովքեր միասնական ցուցակով անցան խորհրդարան, մասնավորապես՝ Խաչատուր Քոքոբելյանն ու Ալիկ Արզումանյանը, ներկա չեն համագումարին: Հիշեցնենք, որ ի տարբերություն ժառանգականների՝ ազատ դեմոկրատներն արդեն վերցրել են իրենց մանդատները:
Նախատեսվում է, որ համագումարի ընթացքում Ր.Հովհաննիսյանն իր գնահատականները կտա անցած խորհրդարանական ընտրությունների վերաբերյալ: Սպասվում է, որ պատասխաններ կտրվեն շատ ու շատ հարցերի:
Նշենք, որ «Ժառանգություն» կուսակցության երեք ներկայացուցիչները` Րաֆֆի Հովհաննիսյանը, Զարուհի Փոստանջյանն ու Ռուբեն Հակոբյանը, ովքեր ԱԺ մանդատ են ստացել, դեռևս չեն վերցրել իրենց մանդառները՝ հայտարարելով, որ կվերցնեն միայն համագումարից հետո:
Հետևեք մեզ նաև Telegram-ում