Ազատ Վշտունի՝ երազանքի ու տառապանքի պոետը

Ազատ Վշտունի՝ երազանքի ու տառապանքի պոետը

Եղիշե Չարենցին գիտենք բոլորս: Բայց ոչ բոլորս գիտենք ժամանակին հայտնի գրական «Երեքի խմբակ»-ը, որում էին Չարենցը, Գևորգ Աբովը և Ազատ Վշտունին: Հենց Ազատ Վշտունու մասին էլ ուզում ենք պատմել այս անգամ:

Եղիշե Չարենց, Ազատ Վշտունի և Գևորգ Աբով

«Կորչեն գրական արիստոկրատ շկոլաները, առանձնասենյակային գրողները, գրադարաններում ննջող գրքերը և սալոնային կանայք։

Կեցցե գեղարվեստական կենդանի խոսքը, ստեղծագործող բազմություններում։

Կեցցե ստեղծագործող բազմությունը իր հզոր ռիթմով»։

Սա հատված է  «Դեկլարացիա երեքի»- ից, որը քննադատությունների բուռն առիթ էր դարձել մերժողական ու խսիտ ձևակերպումների պատճառով:

«Դեկլարացիան» գրվել է Ազատ Վշտունու՝ Թիֆլիսում գտնվող տանը: Նա ծնվել է Օսմանյան Կայսրությունում, եղել Հայոց ցեղասպանության ժամանակակիցն ու ականատեսը, թեև մինչ այդ հասցրել է տեղափոխվել Թիֆլիս:

Ազատ Վշտունի-ն գրական կեղծանուն է: Կարապետ Թաշճյան-Մամիկոնյանն այս կեղծանվամբ է ստորագրել 1910-ականներից սկսած, երբ Օսմանյան կայսրությունում անխնա կոտորում էին հայությանը, իսկ մտավորականությունն այդ ֆոնին խելագարվում էր: Ազատ Վշտունի կեղծանվամբ Կարապետը փորձել է արտահայտել հայության երազանքն ու տառապանքը:

Ա՜խ, այս ճամփան ո՞ւր է տանումձայն չկա՜,

Հույսի կայծն է անհետանումձայն չկա՜,

Հայրենի՛ տուն, անուշ անունձայն չկա՜

Մենակ ու լուռ, հուսակտուր՝ չգիտեմ,

Գնում եմ զուր, դառն ու տխուր՝ չգիտեմ,

Հայրենազուրկ գնում եմ ո՞ւր՝ չգիտեմ

Վշտունու պոեզիան հակասական է ընկալվում. դրանում շատ են ազդեցությունները: Եղել է ժամանակ, երբ նրա պոեզիան նման էր Տերյանի պոեզիային:

Ես կը սիրեմ թախիծ անբառ և անձև,

 տերևաթա՜փ, մարվող, գունատ բնություն.

 արցունքի պես աշնանային մեղմ անձրև.

 ես կը սիրեմ, ես կը սիրեմ մենությո՜ւն

Այնուհետև գալիս է ռոմանտիզմի ժամանակաշրջանը: Վշտունու այդ շրջանի գործերը նման են Իսահակյանի պոեզիային:

Գերեզմանիս վրա լինի՜ մի սօսի,

 որ մշտերգէ երգերըս մեղմ ու խանձող

 երբ անցորդի աչքեն արցունք վար հոսի,

 կը հովանա սիրտըս խամրած և անցո՛ղ

Ազատ Վշտունու պոեզիան, սակայն, չի ենթադրում կրկնօրինակում: Նրա գրչին հատուկ է երգեցիկությունն ու փաղաքշանքը: «Գանձի փոխարեն անձը տվող» պոետը գիտեր՝ ինչպես հմայել  խոսքով ու ինչպես վերքից հանգ հյուսել:

Լուսաբացին,

Լացի՜ն, լացի՜ն

Վարդերը՝ սև թերթեր բացին

Լուսաբացին,

Ջինջ, լուսածին

Հավքեր թռան լուռ, գնացին

Լուսաբացին,

Շաղ ու թացին,

Սրտիս համար շիրիմ բացին

Ազատ Վշտունու երգեցիկ ու քնքուշ բանաստեղծությունները  թարգմանվել են ռուսերեն, ուկրաիներեն, վրացերեն, ադրբեջաներեն, քրդերեն, ֆրանսերեն, չինարեն և այլ լեզուներով: Եվ ինչ էական է՝ ով է ընթերցողը, չէ՞ որ պոեզիան սահմաններից դուրս է, չէ՞ որ ազատության, խաղաղության տենչը, տառապանքն ու վիշտը համամարդկային է: Ուրեմն Ազատ Վշտոնին սոսկ հայության երազանքի ու տառապանքի մասին չէ, այլ համայն մարդկության:

Եթե աստւած մնես դու՝ արդարադատ, հսկա,

հառաչանքըս լսի՛ր, տառապանքըս ըզգա՛

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում