Ուկրաինան նախատեսում է կրկնապատկել իր տարածքով նավթի տարանցման տուրքը
Նմանատիպ
Ուկրաինան ապրիլի 1-ից ցանկանում է կրկնապատկել «Բարեկամություն» մայր նավթամուղով դեպի Արևելյան Եվրոպա իր տարածքով նավթի տարանցման սակագները։ Այս մասին հայտնում են Argus գործակալությունը և «Коммерсантъ» թերթը՝ հղում անելով աղբյուրներին։
Ուկրաինական «Укртранснафта» գազատարի օպերատորը ցանկանում է ապրիլի 1-ից մեկ տոննայի փոխադրման դիմաց սակագինը 13․6 եվրոյից կրկնապատկել և հասցնել 27․2 եվրո։ Այնուամենայնիվ, նույնիսկ այս դեպքում ռուս մատակարարները, ամենայն հավանականությամբ, կշարունակեն մատակարարումը խողովակաշարի միջոցով Հունգարիայի, Սլովակիայի և Չեխիայի հասցեատերերի հետ պայմանագրային պարտավորությունների պատճառով, հայտնում է գործակալությունը։
«Այո, մենք տեղյակ ենք սակագները փոխելու Ուկրաինայի մտադրության մասին, բայց մենք չգիտենք, թե բարձրացման ինչ պարամետրերի մասին է խոսքը և որ պահից է նախատեսվում բարձրացնել սակագինը», – ՏԱՍՍ-ին ասել է «Տրանսնեֆտի» ներկայացուցիչ Իգոր Դեմինը։
Ուկրաինան սակագնի հնարավոր բարձրացումը բացատրում է նավթի ավերված տրանսպորտային ենթակառուցվածքի վերականգնման ծախսերով, գրում է «Коммерсантъ»-ը։ Ընդ որում, ուկրաինական կողմը դեռևս պետք է պայմանավորվի Հունգարիայի և Սլովակիայի հետ տարանցման դրույքաչափի բարձրացման շուրջ, նշում են թերթի աղբյուրները։
Խողովակաշարի մասին
«Բարեկամություն» նավթամուղն ապահովում է բելառուսական նավթավերամշակման գործարաններին նավթի մատակարարումը և դրա տարանցումը դեպի Եվրոպա: Խողովակաշարը սկիզբ է առնում Սամարայի մարզից, անցնում Բրյանսկով և այնուհետև ճյուղավորվում երկու հատվածի՝ հյուսիսային և հարավային, անցնում է Բելառուսով, Ուկրաինայով, Լեհաստանով, Չեխիայով, Սլովակիայով, Գերմանիայով, Հունգարիայով։
Հետևեք մեզ նաև Telegram-ում