Քաղաքագետ. «Նախագահական ընտրություններին ԲՀԿ-ից կարող են առաջադրվել թե՛ Վ.Օսկանյանը, թե՛ Ռ.Քոչարյանը և թե՛ Գ.Ծառուկյանը»
Նմանատիպ
Քաղաքագետ Արմեն Մինասյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ տեսակետ է հայտնել, որ 2013 թ.-ի նախագահական ընտրություններին ԲՀԿ-ից կարող են իրենց թեկնածությունը դնել թե՛ Վարդան Օսկանյանը, թե՛ Ռոբերտ Քոչարյանը և թե՛ Գագիկ Ծառուկյանը։
«ԲՀԿ–ն ունի իր հստակ ընտրազանգվածը, սակայն կուսակցության ներսում լուրջ վերլուծությունների կարիք կա»,- կարծում է բանախոսը։
Ա.Մինասյանը նաև նկատել է, որ խորհրդարանական ընտրություններն այն յուրօրինակ գործիքն են, որով «քաղաքական ուժերը կարող են պարզել, թե ի՞նչ ակնկալիքներ կարող են ունենալ նախագահական ընտրություններից, արժե՞ արդյոք մտնել նախագահական մրցավազքի մեջ, թե ոչ»։
Խոսելով կայացած խորհրդարանական ընտրությունների առանձնահատկություններից՝ քաղաքագետը նշել է, որ Հայաստանում երբևէ չէր եղել, որ մրցակցեն այնպիսի ուժեր, որոնք ունեն հավասար ռեսուրսներ. «Նորընտիր Ազգային ժողովում կլինեն ոչ թե մանդատների քանակով հավասար, այլ ռեսուրսներով համադրելի ուժեր, ովքեր կփորձեն մրցակցել, մարտավարական հնարքներ կիրառել ու ամրապնդել իրենց դիրքերը»:
Ա.Մինասյանի կարծիքով՝ չնայած, որ ՀՀԿ-ն մեծամասնություն է կազմում, ինչը բացարձակ հնարավորություն է տալիս կառավարություն ձևավորելու համար, այնուամենայնիվ խորհրդարանական աշխատանքի համար մեծամասնություն լինելը բավարար չէ:
«Շատ դեպքերում նախորդ խորհրդարանում քվորում ապահովվում էր ՀՀԿ-ԲՀԿ-ՕԵԿ կոալիցիան, իսկ այսօր ՀՀԿ-ն թեև մեծամասնություն է, բայց հնարավոր է քվորման հետ կապված խնդիրներ ունենա»,- ասել է քաղաքագետը:
Ըստ բանախոսի՝ նորընտիր խորհրդարանում կլինի բազմազան, ոչ միագիծ մոտեցում, քանի որ խմբակցությունները շատ են, առանձին խնդիրների վերաբերյալ հնարավոր է՝ կազմվեն փոքրիկ կոալիցիաներ: Քաղաքագետը չի բացառում նաև երկկողմ համագործակցությունները, քանի որ «ամեն քաղաքական ուժ ունի իր շահը ու կհամագործակցի` ելնելով իր շահերից»: