Ռուսամե՞տ, թե՞ արևմտամետ
Նմանատիպ
Այսօր հաճախ է քննարկվում այս կամ այն քաղաքական գործչի, պաշտոնյայի ռուսամետ կամ արևմտամետ լինելու հարցը: Ընդ որում` եթե ինքը` քննարկողը ռուսամետ է, ապա ջանում է առավելագույնս սևացնել արևտամետությունը և հակառակը: Ի՞նչ է սա, ինչո՞վ է պայմանավորված և ինչպե՞ս պետք է գնահատենք մենք քաղաքական կողմնորոշման խնդիրը:
Նախևառաջ նշենք, որ քաղաքական կողմորոշման խնդիրը հայ իրականությունում ունի հարյուրավոր տարիների պատմություն: Հայ ժողովրդի պատմական ճակատագիրն այնպես է դասավորվել, որ մենք միշտ եղել ենք շատ ուժեղ և աշխարհակալ կայսրությունների շահերի բախման կենտրոնում: Դարերի ընթացքում Հայաստանը բաժանվել է հռոմեկան ու պարթևական, բյուզանդական ու պարսկական, թուրքական ու պարսկական, թուրքական ու ռուսական ազդեցության գոտիների: Այս կայսրությունները մշտապես պայքարել են իրար դեմ` նպատակ ունենալով իրենց ազդեցությունը հաստատել այն տարածքում, որտեղ եղել է Հայաստանը և հայ ժողովուրդը: Հայ ժողովուրդը չի ունեցել ինքնուրույն կայսրություն դառնալու բավարար քաղաքական ուժ և հարկադրված է եղել մշտապես պայքարել աշխարհի հզորների միջև իր տեղը և գոյությունը պահպանելու համար:
Այս պայքարում եղել են հաղթանակներ ու պարտություններ: Լինելով ծանր վիճակում, հայերը միշտ փորձել են ձեռք բերել անկախության իրենց չափաբաժինը. երբեմն դա եղել է մշակութային ինքնավարություն, երբեմն` քաղաքական անկախություն, երբեմն էլ` ֆիզիկական գոյությունը պահպանելու նվազագույն հնարավորություն: Եվ բնական է, որ այդ պայքարում հայերը փնտրել են ավելի հզոր ու ազդեցիկ դաշնակիցներ, որոնց ընտրել են կրոնական կամ քաղաքական նպատակահարմարության սկզբունքով:
Վերջին 300 հարյուր տարիների ընթացքում դաշնակիցների որոնման ջանքերը, որոնք կարելի է համարել կողմնորոշման խնդիր, հանգրվանել են երկու հիմնական ուղղություններում` արևմտյան կամ ռուսական կողմնորոշման: Եվ այսօր քննարկվող, հաճախ` անտեղի շահարկվող արևմտամետությունը կամ ռուսամետությունն ունի պատմական հենց այս հիմքը:
Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալուց հետո հայերը երբեմն թեև ենթարկվում էին մշակութային, կրթական, սոցիալական հալածանքների, սակայն ապահովված էին բնաջնջման վտանգից, որը մշտապես կախված էր հայ ժողովրդի արևմտյան հատվածի գլխին: Իսկ 20-րդ դարի սկզբին` խորհրդային կարգերի հաստատումից հետո, ռուսական ազդեցությունն ավելի է մեծանում հայ իրականության մեջ: Այսօր Ռուսաստանում կա հայկական մեծ համայնք, ռուսների շրջանում հայերն ավելի հեշտությամբ են ինտեգրվում, աշխատանք գտնում, կառուցում իրենց բարեկեցությունը:
1980-ական թվականների վերջին, երբ ազգային արժեքների վերագնահատումը զարթոնք էր ապրում, փորձեր արվեցին իրականացնել հակառուսական գործողություններ. ստեղծվեց արհամարհական ու մեղադրական վերաբերմունք այն ամենի հանդեպ ինչ ռուսական էր` արվեստ, մշակույթ, գրականություն, լեզու, կրթություն և այլն: Սա հանգեցրեց այն բանին, որ ռուսական կայսրությունը (իսկ Ռուսաստանը միշտ կայսրություն է եղել և այսօր էլ այդպիսին է) պատասխան հարվածներ հասցրեց : Դրանք հիմնականում իրականացվեցին Լեռնային Ղարաբաղում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում:
Արդյունքում եղան և տարածքային կորուստներ, և մարդկային զոհեր: 90-ականների Հայաստանի քաղաքական ղեկավարությունը նույնպես հայացքն ուղղել էր դեպի Արևմուտք. առաջին տպավորությամբ ժողովրդավարության բարձր մակարդակ և սոցիալական պաշտպանվածություն ունեցող արևմտյան քաղաքակրթությունը գրավիչ շատ բաներ ունի: Սակայն կարճ ժամանակ անց մենք մեկ անգամ ևս հասկացանք, որ Արևմուտքը նույնքան անտարբեր է մեր խնդիրների հանդեպ, որքան աշխարհի ցանկացած այլ պետություն: Հասկացանք նաև, որ Կովկասյան տարածաշրջանում, որտեղ ռուսական ազդեցությունը հարյուրամյակների պատմություն ունի, հնարավոր չէ անտեսել Ռուսաստանի նման պետությանը: Հատկապես այն դեպքում, երբ մենք ունենք չլուծված հակամարտություն, փակ սահման և բազմաթիվ այլ խնդիրներ: Կարիք չկա աշխարհի հզորների ու մեր հարաբերությունները ներկայացնել ռոմանտիզմի, հուզականության, առավել ևս` բարոյականության տեսանկյունից: Քաղաքականությունը չի սիրում այս տերմինները:
Ռուսամետությունը կամ արևմտամետությունը մահացու հանցանքներ չեն, դրանք ընդամենը քաղաքական կողմնորոշման, իսկ հիմա արդեն` քաղաքականության խնդիրներ են: Հայաստանի նման երկիրը չի կարող վարել միաբևեռ քաղաքականություն. մենք պետք է ամեն ինչ անենք, որպեսզի աշխարհի բևեռների հետ ունենանք բարիդրացիական, կառուցողական, մեր ազգային շահերից բխող հարաբերություններ:
Միքայել ՅԱԼԱՆՈՒԶՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում