Ր.Հովհաննիսյանի ինքնաբացարկը և այլ հարցեր քննարկելու է վարչության նոր կազմը. Որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան
Նմանատիպ
«Ժառանգության» կուսակցության անդամ Ռուբեն Հակոբյանը համագումարին իր ողջույնի խոսքում նշել է, որ համագումարը նախաձեռնել է կուսակցապետ Րաֆֆի Հովհաննիսյանը: Նա նաև տեղեկացրել է, որ նիստի ժամանակ կկայանա վարչության ընտրությունը, ինչպես նաև ելույթ կունենան կուսակցապետը և կուսակցության անդամները:
«Ժառանգության» ղեկավար Րաֆֆի Հովհաննիսյանն իր խոսքում նշել է, որ վերջին շրջանը բացահայտվել է մեր երկրի որակների ողջ պատկերը.
«Մեր երկրում, այնուամենայնիվ, կան հարյուր հազարավոր ՀՀ քաղաքացիներ, ովքեր կարող են մերժել փողի, սպառնալիքի ազդեցությունը, և քվեարկել խղճով: Սա արժեք է»,- ընդգծել է Ր.Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հենց այդ քաղաքացիներն են ազատ ու Նոր Հայաստանի ստեղծողները:
«Ժառանգության» առաջնորդը շնորհակալություն է հայտնել իր թիմակիցներին ու աջակիցներին՝ տարած մեծ աշխատանքի համար: Ըստ նրա՝ հերթական անգամ ունեցանք դե–ֆակտո ընտրություններ, և եթե լինեին դե–յուրե ընտրություններ, ապա «Ժառանգությունը» կունենար ձայների ակնկալվող 25 տոկոսը և ԱԺ կանցներ որակյալ մեծամասնությամբ.
«Իհարկե, դե ֆակտո խորհրդարանում «Ժառանգությունը» պետք է դե ֆակտո մասնակցի ու պաշտպանի հայաստանցիների շահերը: «Ժառանգությունն» ու ես պարտական ենք հասարակությանը և պարտավոր ենք լինել թե խորհրդարանում, թե ժողովրդի կողքին»,- ասել է Ր.Հովհաննիսյանը:
«Ժառանգության» առաջնորդը նաև հանդես է եկել մի շարք առաջարկություններով, որոնք պիտի քննարկի վարչության նոր կազմը:
Ր.Հովհաննիսյանը նախ առաջարկել է քննարկել իր ինքնաբացարկի հարցը. երկրորդ` որոշել առաջիկա նախագահական ընտրություններին ժողովրդի թեկնածուին հավաքական ուժերով առաջադրելու հարցը: Մյուս առաջարկությունները վերաբերում էին սահմանադրական փոփոխություններին։
«Հաջորդ նախագահը պետք է ղեկավարի մեկ շրջան: Ընտրությունից անմիջապես հետո պետք է իրականացվեն սահմանադրական փոփոխություններ, որով կամրագրվի այդ պահանջը: 5 ու կես տարի հետո Հայաստանը պետք է դառնա խորհրդարանական հանրապետություն: Այդ հանրապետությունում պատգամավորները արդյունավետ չաշխատելու դեպքում պետք է հետ կանչվեն, կառավարության ղեկավարը և մյուս անդամները չարաշահումներ թույլ տալու դեպքում պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն, ավելին` նախարարները պետք է մի քանի տարի հասարակական հիմունքով աշխատեն, իսկ բյուջեի հատկացումներն ուղղվեն գիտության և կրթության զարգացմանը: Յուրաքանչյուր հայ զինվոր, զոհված զինվորի ընտանիք և անկոշիկ երեխա իր արտացոլումը պետք է գտնի կառավարման համակարգում, Ազգային ժողովում և յուրաքանչյուր պաշտոնյայի կերպարում»,- հայտարարել է Ր.Հովհաննիսյանը՝ ընդգծելով, որ անկախ ամեն ինչից` նոր Հայաստանը գալիս է:
Համագումարին ընտրվելիք վարչությունը բաղկացած է լինելու 11հոգուց: Ր.Հովհաննիսյանը լրագրողների հետ ճեպազրույցում հայտնել է, որ այդ վարչությունը որոշում կկայացնի Ազգային Ժողովում «Ժառանգության» մասնակցության մասին: Որոշումը կհրապարակվի այսօր երեկոյան:
Այն հարցին, թե արդյո՞ք Ր.Հովհաննիսյանը ցանկություն ունի առաջադրվել առաջիկա նախագահական ընտրություններին, «Ժառանգության» առաջնորդն ասել է. «Ես չեմ կարծում, որ որևէ կուսակցություն, առաջադրելով առաջնորդին, կարող է հաղթական այլընտրանք լինել: Այդ թեկնածուն կարող եք դուք լինել, մյուսը լինի, ես կարծում եմ, որ այդ թեկնածուն պետք է լինի հավաքական որոշումների արդյունքում, թե քաղաքական, թե քաղաքացիական և թե լրագրողական շրջանակների հավաքական որոշմամբ»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում