Իրանի նախագահը Ս.Սարգսյանին հրավիրել է Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի հատուկ բանագնաց, էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուին, ով Սերժ Սարգսյանին է փոխանցել Թեհրանում կայանալիք Չմիավորման շարժման գագաթնաժողովին մասնակցության Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի հրավերը:
Սերժ Սարգսյանը ողջունել է նախարար Նամջուի այցը Հայաստան և ընդգծել, որ մեր երկիրը կարևորում է փոխշահավետ համագործակցությունը հուսալի հարևան և լավ բարեկամ Իրանի հետ, տեղեկացնում են երկրի ղեկավարի մամուլի և հասարակայնության հետ կապերի վարչությունից:
Երկուստեք ողջունելով Հայաստանի և Իրանի միջև վերջին տարիներին ապրանքաշրջանառության ծավալների աճը և ընդգծելով դրանք ավելի մեծացնելու առկա ներուժը՝ զրուցակիցները հույս են հայտնել, որ հատկապես էներգետիկայի բնագավառի առանցքային նախագծերի իրականացումը կնպաստի երկու երկրների միջև ապրանքաշրջանառության ծավալների զգալի աճին:
Իրանի էներգետիկայի նախարարը տեղեկացրել է, որ շուտով կմեկնարկեն Մեղրիի ՀԷԿ-ի և Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի շինարարության ուղղությամբ աշխատանքները:
Հանդիպման ժամանակ Նախագահ Սերժ Սարգսյանը և ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն երկուստեք կարևորել և բարձր են գնահատել հայ-իրանական միջկառավարական հանձնաժողովի գործունեությունը, որի հերթական նիստը նախատեսված է մոտակա օրերին անցկացնել Երևանում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում