Հայկական թատրոն. «Բաքոսուհիներ»-ից մինչև ԳՈՅամարտ
Նմանատիպ
Արտավազդ II-ը ու նրա հարկի տակ հյուընկալված պարթև արքա Որոդես II-ը Արտաշատի թագավորական ամրոցում տոնում էին Խառանի ճակատամարտում հույն զորավար Կրասոսի դեմ տարած հաղթանակը: Նրանց համար ընթանում էր Եվրիպիդեսի «Բաքոսուհիները» ողբերգության բեմադրությունը: Այդ ժամանակ ներս է վազում պարթև սատրապներից մեկն ու արքաների ոտքերի մոտ նետում Կրասոսի գլուխը՝ մարտադաշտից բերված: Այդ պահին Ագավայի կերպարը մարմնավորող հույն դերասան Յասոնը բարձրացնում է այդ գլուխն ու ասում, – «Մենք լեռներից տուն ենք բերում այն եղջերուի եղջյուրները, որը քիչ առաջ սպանվել է մեր հաջողակ որսի ժամանակ»:
Սա մեզ հայտնի վկայություններից է հին հայկական թատրոնի մասին, բայց ոչ առաջինը: Եվ այս դեպքում խոսքը մ.թ.ա. 53 թվականի մասին է:
Մեզ հայտնի այս դրվագին նախորդել են թատրոնների կառուցման վկայություններ: Հույն պատմիչ Պլուտարքոսի վկայությամբ մ.թ.ա. 69 թվականին Տիգրան ՄԵծը Տիգրանակերտում կառուցել է Սիրիայի հելլենիստական ամֆիթատրոնների նման մի շինություն, որտեղ ներկայացումներ էին բեմադրվում։ Իսկ նրա որդին՝ Արտավազդը, Արտաշատում է ստեղծել հելլենիստական ոճի թատրոն: Որքան էլ թատրոնի շենքերն այն ժամանակ կառուցվեին հելլենիստական ոճով, միևնույնն է, հայկական թատրոնը բովանդակային առումով տարբերվում էր հունականից և աշխարհի առաջադեմ ազդեցություն ունեցող մշակույթներից: Օրինակ, մ.թ.ա. 1-ին դարից բազմաթիվ պատմական փաստեր վկայում են հայկական բազմաժանր պրոֆեսիոնալ թատրոնի գոյության մասին։ Հին հայկական թատրոնում զարգացած էր նաև մնջախաղը, նույնիսկ այս ուղղության հայտնի հայ դերասան ենք ունեցել՝ Նազենիկը:
Միջնադարում, սակայն, հայկական թատրոնին մարտահրավեր է նետում հոգևորականությունը: Քրիստոնեության ընդունումից հետո թատրոնը բախվեց եկեղեցու հակազդեցությանը: Վառ օրինակ են կաթողիկոս Հովհաննես Մանդակունու քարոզներն՝ ըննդեմ թատերական արվեստի։
Սակայն շուտով թատրոնն ամրապնդում է ազդեցիկությունն ու ոչ թե ընկճվում եկեղեցու հակազդեցությունից, այլ սկսում ներառվել հոգևոր կյանքում: Օրինակ, 10-րդ դարում կառուցված Աղթամարի տաճարի պատերին պատկերված են հայկական թատրոնի՝ կենցաղային կատակերգության և ծաղրածուի դիմակներ:
Ի դեպ, այդ շրջանին են վերաբերում նաև Հովհաննես Երզնկացու դրամատիկական պոեմը և Առաքել Սյունեցու «Ադամգիրքը», որոնք հայ դրամատուրգիայի առաջին պահպանված ստեղծագործություններն են:
Հայկական թատրոնն առավել քան 2000 տարվա պատմություն ունի: Այս ընթացքում բազմաթիվ արգելքներ ու սահմանափակումներ հաղթահարելով, բազմաթիվ ազդեցություններ շրջանցելով ու կլանելով՝ այն հասել է մեր օրեր: Հայկական թատրոնը միշտ մեծ համբավ է ունեցել աշխարհում: Հնում մշակութային ամենաազդեցիկ կայսրություններն են դրա հետ հաշվի նստել, ապա դրանով հիացել են մեր ժամանակներին առավել մոտ շրջանում մշակութային մայրաքաղաքի համբավ ունեցող քաղաքներում: Հայկական թատրոնը պահանջված ու հարկի է եղել Թիֆլիսում, Բաքվում և այլուր: Բաքվի առաջին թատրոնն, ի դեպ, ևս հայերն են հիմնել:
Տարբեր ժամանակներում մեր թատրոնի կյանքի թելը խճճվել է, բայց երբեք չի կտրվել: Այսօր էլ հայկական թատրոնը մարտահրավերներ ունի: Միայն թե էականը ոչ թե տոմսերի վաճառքն է, այլ թատրոնի գոյությունը՝ որպես մշակույթ, ոչ թե որպես բիզնես: Զորօրինակ՝ Գոյ թատրոնը, որը փակման խնդրի առաջ է կանգնած։
Թատրոնը կարելի է չսիրել, կարելի է կողմ լինել դրանց միաձուլմանը կամ փակմանը, եթե պարզապես ոչինչ չես հասկանում դրանից, իսկ սիրել չհասկացածը հաստատ դժվար է: Որ թատրոնն էլ լինի, երբ էլ լինի թատրոնը՝ իր բովանդակությամբ ու ձևով՝ տանիքի վրա, բարեկարգ շենքում, մեծ դահլիճով, թե մեկ հանդիսատեսով, միևնույնն է, պետք է հաղթի ցանկացած գոյամարտ, որովհետև մարդիկ ու բարքերը փոխվում են, փոխվում է հանդիսատեսը, իսկ թատրոնը շարունակում է մնալ ազգի, պետության ու մշակույթի լոկոմոտիվ:
Այսօր Թատրոնի միջազգային օրն է: Վստահ եմ՝ առավել քան 2 հազարամյակ գոյություն ունեցող ու ժամանակների մեջ մաքառող, ժամանակներ հաղթահարող հայկական թատրոնի լավագույն ժամանակը դեռ առջևում է: Թատրոնում բիզնեսի տարրեր կան, բայց թատրոնը բիզնես չէ: Այնպես որ ժամանակակից մարտահրավերների դեմ պայքարում թատրոնը հաղթելու է. այլընտրանք չկա: Ծափեր ու խոնարհում հայկական թատրոնի բոլոր՝ նախկին, ներկա ու ապագա գործիչներին՝ բեմադրիչներից ու դերասաններից մինչև լուսավորողներ ու ճաշարանի աշխատակից, որոնք հազարավոր հետաքրքիր պատմություններ գիտեն մեր ժամանակակից ու բոլոր ժամանակների մեծագույն հայ արտիստների մասին:
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում