The Economist․ Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի
Նմանատիպ
Բրիտանական «The Economist» պարբերականի կայքում հրապարակվել է մի հոդված, որն անդրադարձել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վարած քաղաքականությանը, տնտեսական ձախողումներին և մի շարք այլ խնդիրներին, որոնք առկա են նախընտրական շրջանում։
«The Economist»-ը նշում է, որ թուրքական լիրան ավելի քան 80% արժեզրկում է գրանցել, իսկ ինֆլյացիան (գնաճ) 55%-ից բարձր է եղել։ Գնաճի պատճառով էլ մարդիկ այլևս ներդրումներ չեն անում երկրում։
Ըստ հոդվածի՝ Էրդողանի պլանները լիովին ձախողվել են տեղական արտադրանքը զարգացնելու և արտահանումը մեծացնելու վերաբերյալ։ Հունաստանի հետ հարաբերություններին անդրադարձ կատարելով՝ նշվում է, որ և՛ Թուրքիայում, և՛ Հունաստանում կայանալիք ընտրությունների ֆոնին Էգեյան ծովում հնարավոր է հարաբերությունների շիկացում, որը լավագույն դեպքում կդրսևորվի երկու առաջնորդների վեճով կամ փոխադարձ մեղադրանքներով, իսկ վատագույն դեպքում՝ տեղ-տեղ սահմանային բախումների տեսքով։
«The Economist»-ի դիտարկմամբ՝ փետրվարին տեղի ունեցած երկրաշարժերի հետևանքով Թուրքիան լիովին թուլացել է, և սա է պատճառը, որ Էրդողանը կրկին Արևմուտքի հետ համագործակցելու եզրեր է փնտրում։ Նշվում է, որ առավելագույնը մինչև ընտրություններ այս վիճակը կարող է շարունակվել, ինչ-որ մի պահից սկսած, սակայն, այս համակարգը կպայթի, և Թուրքիայի տնտեսությունը կփլուզվի։ Իսկ նոր կազմավորվելիք կառավարության համար ինֆլյացիան կանգնեցնելը խիստ լուրջ և դժվարին խնդիր է լինելու։
Հետևեք մեզ նաև Telegram-ում