ՀՀ-ում ցույցերին անհամաչափ ուժ է կիրառվել, արտահայտման ազատությունը սահմանափակվել է. Amnesty International
Նմանատիպ
Amnesty International միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Աշխարհում մարդու իրավունքների վիճակը 2022-2023» զեկույցը, որտեղ ներկայացված են 156 երկրների վերաբերյալ ուսումնասիրությունների արդյունքները։
Հայաստանի մասին զեկույցը փաստում է, որ ոչ մի առաջընթաց չի գրանցվել 2020 թվականի հայ-ադրբեջանական զինված հակամարտության ընթացքում և դրանից անմիջապես հետո կատարված պատերազմական հանցագործությունների և այլ հանցագործությունների հետաքննության հարցում՝ համաձայն միջազգային իրավունքի։
Զեկույցում նշված են Հայաստանի վերաբերյալ հիմնական արձանագրումները. իրավապահները չափից ավելի ուժ են կիրառել կառավարության դեմ ուղղված բողոքի ցույցերի ընթացքում։ Սահմանափակվել է արտահայտման ազատությունը՝ հարյուրավոր անձինք քրեական հետապնդման են ենթարկվել պաշտոնյաներին ենթադրաբար վիրավորելու համար։ Հանքարդյունաբերության օրենսդրությունում կատարված փոփոխությունները ավելի են հեշտացրել շրջանցելու համար հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները։ Սեռական կողմնորոշման և գենդերային ինքնության հիմքերով խտրականության դեմ պայքարի օրենքները մնացել են անբավարար։
Ընդհանուր իրավիճակ
Անվտանգության իրավիճակը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով շարունակում է մնալ լարված՝ հաճախակի փոխհրաձգություններով։ Ադրբեջանական հրետակոծությունները Հայաստանի ներսում՝ Սյունիքի, Գեղարքունիքի և Վայոց ձորի մարզերում, հանգեցրել են ավելի քան 200 զոհերի, այդ թվում՝ երկու քաղաքացիական անձանց։
Հոկտեմբերին Ադրբեջանը և Հայաստանը համաձայնության են եկել իրենց սահմանի երկայնքով ԵՄ մշտադիտարկման առաքելության կարճաժամկետ տեղակայման շուրջ։
Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով ռուսների լայնածավալ ներհոսքը Հայաստան օժանդակել է տնտեսական գործունեությանը, բայց այն նաև նպաստել է վարձակալության գների և ընդհանուր առմամբ՝ ապրուստի արժեքի բարձրացմանը։
Միջազգային մարդասիրական իրավունքի խախտումներ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի օգոստոսին հրապարակած զեկույցի համաձայն՝ 2020-ի մարտից ի վեր ավելի քան 300 հայեր անհետ կորած են մնում կամ հաշվառված չեն։
Հավաքների ազատություն
Հայաստանում հավաքների ազատության վերաբերյալ զեկույցի հեղինակները գտնում են, որ հավաքների ազատությունը սահմանափակվել է բողոքի ցույցերի նկատմամբ իրավապահ մարմինների կողմից բռնի և անհամաչափ արձագանքի պատճառով։
Կառավարության դեմ ուղղված մի շարք բողոքի ցույցեր տեղի են ունեցել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում, որոնք պահանջում էին վարչապետ Փաշինյանի հրաժարականը՝ հայ-ադրբեջանական հակամարտության շուրջ բանակցությունների պատճառով: Հաճախ բողոքները լինում էին լայնածավալ ցույցերի տեսքով, երբ ցուցարարները փակում էին փողոցները և վրաններ տեղադրում: Իշխանությունների արձագանքը երբեմն եղել է անհամաչափ՝ ցրելով և ձերբակալելով հարյուրավոր անձանց և վիրավորելով տասնյակ մարդկանց:
Ամենադաժան բախումներից մեկի ժամանակ, որը տեղի է ունեցել հունիսի 3-ին, ոստիկանությունն արձակել է խլացուցիչ նռնակներ և կիրառել չափից ավելի ուժ, որպեսզի թույլ չտան հազարավոր ցուցարարների մոտենալ Հայաստանի խորհրդարանի շենքին:
Նշված է, որ հիսուն անձինք, ներառյալ 34 ոստիկաններ, բժշկական օգնության են դիմել, իսկ տասնյակ մարդիկ ձերբակալվել են «զանգվածային բռնություններին» մասնակցելու համար:
Լրատվամիջոցների իրավունքների դիտորդները հաղորդել են, որ առնվազն 11 լրագրողներ են վիրավորվել ապրիլից հունիս ընկած ժամանակահատվածում բողոքի ցույցերը լուսաբանելու ժամանակ, ոմանց նաև խոչընդոտել են լուսաբանել ցույցերը:
Մինչև տարվա վերջ ոչ մի ոստիկանի մեղադրանք չի առաջադրվել կառավարության դեմ ուղղված ցույցերի հետ կապված չափից ավելի ուժ կիրառելու համար:
Օգոստոսի 25-ին ոստիկանությունը ցրել է մայրաքաղաք Երևանում անցկացվող խաղաղ ցույցը Ռուսաստանի, որն անցկացվում էր Ուկրաինա ներխուժելու դեմ։ 22 անձ էր ձերբակալվել։ Ձերբակալված ցուցարարները պահվել են մի քանի ժամ առանց փաստաբանի կամ առնաց թարգմանչի՝ նրանց դեպքում, ովքեր չեն խոսել հայերեն: Նույն օրը ավելի ուշ՝ առանց մեղադրանքի նրանք ազատ են արձակվել։
Արտահայտման ազատություն
Արտահայտման ազատության հատվածում Amnesty International-ի զեկույցը գտնում է, որ այդ իրավունքը շարունակել է անհարկի սահմանափակված լինել։ Քրեական հետապնդումները՝ կապված իշխանություններին ուղղված քննադատության օրինական արտահայտման հետ, բացասական ազդեցություն են ունեցել խոսքի ազատության վրա։
Եզդի իրավապաշտպան Սաշիկ Սուլթանյանի դատավարությունը շարունակվել է «ազգամիջյան ատելություն հրահրելու» կեղծ մեղադրանքների հիման վրա՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ իշխանությունների վերաբերմունքի քննադատության բարձրաձայնման համար։
2021 թվականին հասարակական գործիչներին վիրավորելը քրեականացնող օրենսդրական փոփոխությունների ընդունումից հետո ավելի քան 200 քրեական գործեր են հարուցվել պաշտոնատար անձանց ծանր վիրավորանք հասցնելու մեղադրանքով։
Համացանցում խոսքի ազատության մասով նշված է, որ հուլիսի 4-ին գլխավոր դատախազի կողմից առաջարկված նոր փոփոխությունները կառավարությանը լիազորություններ են տալիս առանց նախնական դատական քննության արգելափակելու վնասակար համարվող առցանց բովանդակությունները, ինչը մտահոգություններ է առաջացրել համացանցում խոսքի ազատության հանդեպ կառավարության անընդհատ աճող գրաքննության վերաբերյալ։
Բնապահպանական անկում
Շրջակա միջավայրի պաշտպանության ենթաբաժինը զեկույցը վերնագրել է «բնապահպանական անկում», փաստելով, որ հունիսի 18-ին խորհրդարանը փոփոխություններ է կատարել հանքարդյունաբերության օրենսդրությունում, ինչը հեշտացնում է շրջանցել հանրային դիմադրությունն ու բնապահպան մտահոգությունները՝ թույլ տալով հանքարդյունաբերության ծրագրերի իրականացում, չնայած բողոքի ցույցերին։
Տեղի բնապահպանական ակտիվիստները մտահոգություն են հայտնել, որ նոր օրենքը ծառայում է կառավարության մտադրությանը՝ վերսկսելու Ամուլսարի ոսկու հանքի ծրագիրը, որը դադարեցվել էր բնապահպանական և այլ մտահոգությունների և քաղաքացիական հասարակության բողոքի ցույցերի պատճառով:
Հետևեք մեզ նաև Telegram-ում