Գինու կադաստր. մթերողի և ֆերմերի միջև կապը սերտացնելու համար կգործարկվի փորձնական համակարգ
Նմանատիպ
Հայաստանում պետությունը նախաձեռնել է խաղողի տնկարկների քարտեզագրման, մշակվող խաղողի սորտերի և այլնի մասին ինֆորմացիայի հավաքագրման աշխատանքներ․ ողջ ինֆորմացիան կմուտքագրվի մեկ համակարգի մեջ, որը փորձնական կմեկնարկի հաջորդ տարվանից: Համակարգում ֆերմերները կհայտարարագրեն կանխատեսվող բերքը, ինչը թույլ կտա սերտացնել ֆերմեր-մթերող կապը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը՝ հավելելով, որ պետության նպատակն է անմիջական կապ ստեղծել մթերողների և ֆերմերների միջև:
«Ուզում եմ խոսել մի նախաձեռնության մասին, որը արդեն երկու տարի է՝ նախաձեռնել ենք այս ոլորտը կանոնակարգելու համար: Մենք այն անվանում ենք գինու կադաստր կամ խաղողի ռեեստր: Նոր ծրագրով հինգ մարզերում իրականացվել է խաղողի տնկարկների քարտեզագրում, իրականացվել են հարցազրույցներ ֆերմերների հետ` հասկանալու համար, թե ի՞նչ խաղողի սորտեր են մշակում, քանի որ մինչ օրս այդ տեղեկատվության վերաբերյալ կային տարատեսակ չճշտված տեղեկություններ, և ընդհանուր առմամբ դժվար էր լինում կանխատեսել բերքատվությունը: Խաղողի տարբեր սորտեր տարբեր բերքատվություն ունեն: Իրականացվել են այդ բոլոր աշխատանքները, և այժմ ամբողջ հարցազրույցներն ու տեղեկատվությունը՝ տեղադիրքերի և խաղողի այգիների սեփականատերերի վերաբերյալ, ներմուծվում է համակարգ, և մենք մտադիր ենք այդ համակարգը 2024 թվականին փորձնական մեկնարկել»,- նշել է Խոջոյանը:
Փոխնախարարն ընդգծել է, որ համակարգում ներգրավված կլինեն ֆերմերները, որոնք կունենան իրենց արտադրության քանակների մասին հավաստող քարտերը: Իրենք նախապես պետք է հայտարարագրեն, որ իրենց կանխատեսումներով այսքան բերք է ակնկալվում, և մթերող կազմակերպությունները արդեն կմթերեն հենց ֆերմերներից:
Ամբողջական հարցազրույցն` այստեղ։
Հետևեք մեզ նաև Telegram-ում