«Հայաստանն առանց աղբի». Կավճանկարի մրցույթ՝ նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան

Հունիսի 5-ին ժ. 17.00-19.00 ՀՀ մի շարք քաղաքներում և գյուղերում «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժումը կազմակերպում է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված «Հայաստանն առանց աղբի» կարգախոսով կավճանկարչության մրցույթ:

Ինչպես հաղորդում են նախաձեռնության կազմակերպիչերը, հունիսի 3-8-ը ամբողջ աշխարհում նախատեսվում է իրականացնել ավելի քան 8000 միջոցառում` նվիրված Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան, որի թեման է «Կանաչ տնտեսությունը»: Այս կավճանկարչության ֆլեշմոբ տարբերակով իրականացվող միջոցառումը ներառված է Շրջակա միջավայրի համաշխարհային օրվան նվիրված միջոցառումների ցանկում:

Մասնակից երեխաները միասին նկարելու են մեր մաքուր շրջակա միջավայրը՝ մաքուր բակը, այգին, անտառը, քաղաքը, երկիրը: Միջոցառման ընթացքում մասնակիցներին ներկայացվելու է օրվա խորհուրդը՝ արժևորել և պահպանել իրենց շրջակա միջավայրը: Երեխաներին հանրամատչելի ձևով կներկայացվի աղբի տեսակավորման և վերամշակման մասին տեղեկատվություն:

«Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) շարժման մասնակից մի շարք կազմակերպություններ նախատեսել են բազմաթիվ մրցանակներ: Միջոցառումը իրականացվում է «Մենք կարող ենք» (Let’s do it! Armenia) «Հայաստանն առանց աղբի» շարժման շրջանակներում, ի շնորհիվ շարժման մաս կազմող հետևյալ կազմակերպությունների աջակցության՝ «Երիտասարդ կենսաբանների ասոցիացիա» ՀԿ, Բնության համաշխարհային հիմնադրամ (WWF-Հայաստան), Հայաստանի ծառատունկ ծրագիր (ATP), Երևանի, Ապարանի, Հրազդանի, Իջևանի, Գավառի, Ալավերդու, Եղվարդի Օրհուս կենտրոններ, «Տապան» էկո-ակումբ ՀԿ, Հայկական բնապահպանական ցանց, «Եղվարդ» երիտասարդական-բնապահպանական ՀԿ, DJ Vakcina (The Laboratory), «Կանաչաստան» ՀԿ, «Երիտասարդ ժուռնալիստների ասոցիացիա» ՀԿ, «Հայաստանի թռչունների պահպանման միություն» ՀԿ, «Սպառողների աջակցման կենտրոն» ՀԿ, Armyouth.am կայք, Օհանյան քոլեջ և այլն:

Կավճանկարչության մրցույթը տեղի է ունենալու հետևյալ վայրերում՝ Երևանի Մանկական զբոսայգում (նախկին Կիրովի այգի), Հրազդանի թիվ 4 դպրոցի բակում, Ալավերդի- Սանահին սարահարթ թաղամաս 2/29Ա` թիվ 6 մանկապարտեզի բակում, Աքորի գյուղի դպրոցի բակում, Հաղպատ գյուղի դպրոցի բակում, Եղվարդի թիվ 3 հիմնական դպրոցի բակ, Իջևանի մշակույթի տան հարևանությամբ, Գավառի հրապարակում, Ապարանի ավագ դպրոցի բակում:

Հետևեք մեզ նաև Telegram-ում