«Բանվորի արձանի» կերտողը, ով այդպես էլ «չհասավ» Արևմտյան Հայաստան

«Բանվորի արձանի» կերտողը, ով այդպես էլ «չհասավ» Արևմտյան Հայաստան

Կոնսերվատորիայի բակում տեղադրված Սայաթ-Նովայի հուշաղբյուրի ու Կոմիտասի հուշարձանի կողքով հաստատ հազար անգամ անցել եք, հաստատ Կոմիտասի անվան պանթեոնում Կոմիտասի հայտնի մատը բռնած երազանք պահել եք, Սարդարապատի ցլերով ու արծիվներով հաստատ հիացել եք, հաստատ Հաղթանակ զբոսայգում լուսանկարվել եք Մայր Հայաստանի ֆոնին…այս և բազմաթիվ այլ հայտնի քանդակների ու արձանների հեղինակ է Արա Հարությունյանը՝ Էրեբունի պատմա-հնագիտական թանգարանի, Մայր թատրոնի բարձրաքանդակներից մինչև, ասենք, այն անհատի կիսանդրի, որի անունը կրում է ձեր դպրոցը:

Նրա ստեղծագործություններին կարելի է հանդիպել Հայաստանի բոլոր ճանապարներին՝ Արմավիրում, Գեղարքունիքում, Կոտայքում և այլուր, Հայաստանում և Հայաստանից դուրս գտնվող թանգարաններում, պուրակներում, պատկերասրահներում:

Ցանկանում ենք պատմել քանդակագործի ամենահայտնի, բայց ապամոնտաժված «Փառք աշխատանքին» հուշարձանի մասին, որն առավել հայտնի է՝ որպես բանվորի արձան:

Արձանը տեղադրված էր «Գործարանային» կայարանի հարակից հրապարակում: Տեղանքն այդ ժամանակից ի վեր երևանցիներն անվանում են «Բանվորի արձանի հրապարակ»:

11 մետր բարձրություն ունեցող քանդակը պատկերում է դեպի Արևմտյան Հայաստան գնացող աշխատավոր հային:

«Քանդակագործը մարմնավորել է իր համար ամենից գրավիչ հերոսական կերպարը, ընդ որում, պահպանելով կյանքի ընթացքում որդեգրած հավատարմությունը կենսական ճշմարտությունների նկատմամբ։ Հազվադեպ է նրան հաջողվել իմի բերել ներկա ժամանակների բազմաթիվ իրողությունները, որոնք ժամանակակից բանվորի կերպարը դարձրել են առանձնապես հավաստի։ Արձանում, անշուշտ, ամենից գլխավորը դարաշրջանի արտաքին նշանների հավաքակազմն է։ Ինչպես և Ա .Հարությունյանի լավագույն այլ գործերում, ամենաէականն այստեղ արտահայտված է պլաստիկայի լեզվով՝ձևի, ծավալի, զանգվածի լեզվով։ Դա ասես հենց ինքը՝մեր ժամանակն է, նրա շարժումը՝ արտահայտված բանվորական վստահ երթով».Ցելտներ

Այդ երթը, սակայն, շուտով պիտի ավարտվեր: Խորհրդային կարգերի փլուզումից հետո մարդիկ սկսել էին ատել կոմունիստական ասոցիացիաներ առաջացնող ցանկացած բան: Այդ շրջանում Հայաստանում ոչնչացվեցին բազմաթիվ մշակութային կոթողներ, որոնց թվում էր նաև Արա Հարությունյանի այս քանդակը:

«Երևան, ցուրտ ու խավար 1997 թվականը։ Քանդակագործ Արա Հարությունյանի տանը հնչեց հեռախոսի զանգ։ Անծանոթ ձայն, մեկ-երկու ֆրազ։ Հարությունյանը ծանր հոգոց հանեց և հազիվ լսելի ձայնով ասաց

– Բանվորի արձանը ջարդեցին․․․

Հետո գնաց իր աշխատասենյակ և պառկեց բազմոցին։ Տանը տագնապալի լռություն էր։ Մեկ տարի անց նա մահացավ».Ցելտներ

Բանվորի արձանը հեղինակի վերջին, բայց ամենահայտնի գործերից էր: Այն տեղադրվել էր 1982-ին և 15 տարի անց ապամոնտաժվել: Դրա քանդման մասին հեղինակն ուշ է իմացել և այդ հանգամանքն ընդունել է ընկճմամբ: Այն պարզապես արձան չէր, այլ ժամանակից ու բարքերից անդին՝ հավերժ աշխատող ու դեպի Արևմտյան Հայաստան քայլող հայն էր: Սա չուգուն-գրանիտե արձան էր, որը, սակայն, հոգի ուներ, ապրում էր ու ժամանակներ հաղթահարում աշխատանքով:

«Ավաղ, մեր հանրությունը և նրա այսօրվա ղեկավարները չհասկացան, որ մեր օրերի Բանվորի արձանը իր ժամանակից մի քանի տասնամյակ առաջ էր». Արա Հարությունյան

1997-ին արձանը մասնատվեց ու անհետացավ: Մի քանի տարի անց մարդիկ սկսեցին փնտրել արձանի մնացորդները, որոնք գտնվեցին Շենգավիթում գտնվող գործարաններից մեկի տարածքում: Պահպանվել են մասնատված «բանվորի»  գլուխը, ձեռքերը, բռունցքը, ոտքերը, կոշիկն ու իրանից մի հատված, որոնց մի մասը 2022-ին Հայաստանի ազգային պատկերասրահում «Բանվորի արձանը․ Post Scriptum» ցուցահանդեսում առաջին անգամ ներկայացվեց:

«Մարդուն  միշտ ուղեկցում է  ինչ-որ բան  ստեղծելու ներքին պահանջը:  Ես կարծում եմ, որ ստեղծագործողը երբեք չի ծերանում, ինչպես որ չի ծերանում իսկական արվեստի էությունը՝  հավերժական ճշմարտությունը».Արա Հարությունյան

Չգիտեմ՝ ընթերցողներից քանիսը գիտեն Արա Հարությունյանի և իր գործունեության մասին, բայց հաստատ նրա ստեղծածով հիացել ու հիանում են շատերը և շարունակելու են հիանալ, չէ որ «իսկական արվեստը հավերժական ճշմարտություն է»:

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում