ԵՄ-ում արգելել են բենզինով և դիզելային վառելիքով մեքենաների արտադրությունը
Նմանատիպ
Եվրամիությունում բենզինով կամ դիզելային վառելիքով լիցքավորվող նոր մեքենաների արտադրությունն ու գրանցումը հնարավոր չի լինի 2035 թվականից։ Համապատասխան արգելքն ընդունվել է ԵՄ Նախարարների խորհրդի կողմից Բրյուսելում, այն բանից հետո, երբ Գերմանիան մի քանի շաբաթ տևած խորհրդակցություններից հետո համաձայնել է աջակցել այս նախաձեռնությանը։
Միևնույն ժամանակ Բեռլինը պնդել է, որ բացառություն լինի ածխածնային չեզոք սինթետիկ վառելիքով (e-fuel) տրանսպորտային միջոցների համար՝ ներքին այրման շարժիչով նման ավտոմեքենաները նախկինի պես կարելի կլինի գրանցել։
2022 թվականի հոկտեմբերի վերջին ԵՄ անդամ երկրների եւ Եվրախորհրդարանի բանակցողները որոշել են, որ 2035 թվականից Եվրամիությունում կարող են գրանցվել միայն այն մեքենաները, որոնք վնասակար արտանետումներ չեն առաջացնում։ Սակայն Գերմանիայի կառավարությունը լրացուցիչ պայմաններ է առաջ քաշել, ինչի պատճառով համաձայնագրի պաշտոնական հաստատումը հետաձգվել է մի քանի շաբաթով։ Մարտի 28-ին Գերմանիայի աջակցության շնորհիվ ձայների անհրաժեշտ մեծամասնությունը ստացվել է։ Նախաձեռնությանը դեմ է քվեարկել միայն Լեհաստանը։ Իտալիան, Ռումինիան եւ Բուլղարիան ձեռնպահ են մնացել։
Հետևեք մեզ նաև Telegram-ում