Հայաստանն անցնում է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին
Նմանատիպ
2023 թվականի ապրիլի 1-ից Հայաստանն անցնելու է ԱՊՊԱ ազատականացված սակագների համակարգին։ Կառավարության նիստի ժամանակ այս մասին ասել է Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։
«Ազատականացումը հիմնականում զարգացման հաջորդական փուլն է, որովհետև կարծում ենք, որ արդեն ավտոապահովագրողների բյուրոն թե տեխնիկապես, թե իր կարողությունների տեսանկյունից պատրաստ է ազատական համակարգի անցմանը։ Ավտոսեփականատերերի համար մենք ունենալու ենք իրենց ռիսկերին համարժեք արդար գների ձևավորման համակարգի ներմուծում, որը նախկինում չենք ունեցել: Ազատականացման արդյունքում քաղաքացիներն ավելի լավ կպատկերացնեն իրենց վարքագծի և ԱՊՊԱ պայմանագրի համար վճարվող գումարների միջև եղած կապը»,- նշեց Գալստյանը։
ԿԲ նախագահի խոսքով՝ գների ազատականացման արդյունքում կվերանան վարորդների անհատական վարքագծի հետ կապ չունեցող գործոնները։
«Օրինակ՝ ունեինք խմբային մոտեցում տաքսիստների համար կամ խմբային մոտեցում մինչև 80 ձիաուժ ունեցող մեքենաների սեփականատերերի համար։ Այդ կառուցակարգերը այլևս չեն գործելու, գործելու է ազատ շուկայական մեխանիզմ, որը, ինչպես նշեցի, վարորդի անհատական տվյալները ձևավորելու են այն սակագինը, որն ինքը վճարելու է ԱՊՊԱ-ի համար։
Քաղաքացիները այսուհետ առցանց հարթակով ԱՊՊԱ պայմանագիր կնքելիս տեսնելու են բոլոր ապահովագրական ընկերությունների գնառաջարկները։ Ըստ այդմ, իրենք կարող են ընտրել իրենց համար գին-որակ հարաբերակցությունը»,- եզրափակեց Գալստյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում