Նար Հովհաննիսյան` համաշխարահային oպերայի զորավարն ու հայրենիքի զինվորը
Նմանատիպ
«Բոլոր կողմնակին, անհետաքրքականը բաց թողնելով, ես ընտրեցի և մի ամբողջական պատմվածքի վերածեցի միայն այն գրանցումները, որոնք հիշատակարանի ուղնուծուծն են կազմում և պարզում «կորած մարդու» տրագեդիան» – Նար–Դոս «Ես և նա»
Նար-Դոսը հայ գրականության մեջ «կորած մարդ» չէր: Նրա պատմվածքներն ու վեպերը իրենց արդիականությունն ու հմայքը չեն կորցրել նաև մեր օրերում:
«Դժբախտաբար կյանքը հեքիաթ չէ, բարեկամ, և այս տրագեդիան հենց այն բանի հետեւանքն է, որ դու կյանքը զվարճալի հեքիաթի տեղ ես դրել» – Նար–Դոս «Սպանված աղավնի»
Կյանքը զվարճալի հեքիաթ չէ, բայց այս անգամ պատմելու եմ ոչ թե գրող դարձած բրդավաճառի տղայի մասին, այլ գրողի երգիչ որդու մասին:
Նար-Դոսը երկու զավակ է ունեցել՝ Հասմիկը և Նարը: Նա որդուն իր գրական կեղծանվան մի մասն է տվել և ակնկալել, որ որդին էլ պետք է գրականության ու արվեստի մարդ դառնա և…դառնում է:
Ժամանակին Երևանում՝ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի պետական ակադեմիական թատրոնի բեմում, բացառիկ աստղաբույլի կարելի էր տեսնել՝ Շարա Տալյան, Պավել Լիսիցյան, Ավագ Պետրոսյան, Գոհար Գասպարյան, Հայկանուշ Դանիելյան, Նար Հովհաննիսյան և այլք:
Նար Հովհաննիսյանի դերացանկը հիմնականում առանձնանում էր գլխավոր դերերով: Նրա հարուստ ու գեղեցիկ ձայնն անտարբեր չէր թողնում համաշխարհային օպերայի խստաբարո ու պահանջկոտ հանդիսատեսին: Նա պահանջված արտիստ էր և Եվրոպայում, որը օպերային արվեստի էպիկենտրոնն էր, և տարածաշրջանում, և Նահանգներում:
«Մելիք Փաշաեւն ինձ հրավիրել էր Մոսկվայի Մեծ թատրոն: Հենց նույն օրերին հրավեր էի ստացել նաեւ Երեւանից: Ես գերադասեցի Հայաստանը: Չեմ սխալվել, որ եկել եմ Երեւան: Թեեւ Մեծ թատրոնում Հայաստանի համար ավելի շատ գործ կկատարեի: Բայց, այնուամենայնիվ, եկա Երեւան եւ ուրախ եմ, որ ծառայել եմ իմ ժողովրդին» – Նար Հովհաննիսյան
Պարզվում է՝ Նար Հովհաննիսյանը հորից ժառանգություն է ստացել ոչ միայն անունն, այլ նաև շնորհը: Նա իր հուշերում պատմել է, որ հայրը փափուկ բարիտոն է եղել, սիրել է երգել և լսել երաժշտություն:
«Հայրս ուրախանում էր, որ ես երգում էի: Նա է եղել իմ առաջին խորհրդատուն և ոգևորողը» – Նար Հովհաննիսյան
Հայաստանի և ԽՍՀՄ Ժողովրդական արտիստ Նար Հովհաննիսյանը ծնվել է 110 տարի առաջ Մարտի 30-ին: Այսօր աշխարհի բեմերում փայլում են հեղինակավոր բասի սաներն ու ուսանողները, որոնք էլ սերունդներին են փոխանցելու սիրված ու բազմաշնորհ արտիստից ստացած գիտելիքները:
Նա համոզված էր, որ արտիստը բեմի ու մշակույթի զինվորն է, իսկ իր զենքը երգն էր…բայց եթե հարկ լինի, պետք է իջնի բեմից ու երգի փոխարեն զենքով պաշտպանի հայրենիքը: Այդ հարկը նրա կյանքում եղավ. նա ինքնակամ մասնակցել է հայրենական պատերազմին, որից վերադարձել է ու շարունակել ծառայությունը արվեստի ոլորտում: Նա գիտեր, որ արվեստի մարդիկ երբեք չեն մեռնում: Չէ՞ որ անմահ է Արմեն Տիգրանյանն իր, ասենք, «Դավիթ Բեկ»-ով, այդպես էլ իր դերերգերով ու թեկուզ հենց Դավիթ Բեկ դերերգով անմահ է Նար Հովհաննիսյանը։
Հետևեք մեզ նաև Telegram-ում