Քաղաքագետ. «Կարևոր այցերից առաջ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է նման քայլերի»
Նմանատիպ
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կառավարման փորձագետ Հարություն Մեսրոբյանը և քաղաքագետ Երվանդ Բոզոյանն անդրադարձել են ներքաղաքական զարգացումներին:
Փորձագետ Հ.Մեսրոբյանի կարծիքով՝ որևէ սպասելիքներ նոր խորհրդարանից պետք չէ ունենալ. «Դրական իմաստով նոր խորհրդարանը ոչ մի նոր որակական հատկանիշ չունի՝ ի տարբերություն նախորդ խորհրդրանական ընտրությունների»:
Ըստ նրա՝ քանի որ Հայաստանը շարունակում է մնալ ընտրությունների փուլում, քաղաքական դաշտում շարունակվում է առևտուրը. «Նախագահական ընտրությունների հետ էլ կապած ոչ մի արտառոց սպասելիք մի ունեցեք: Եթե այս քաղաքական դաշտը չփոխվի, ոչ մի բան էլ չի փոխվի»:
Քաղաքագետ Ե.Բոզոյանն իր հերթին նկատել է, որ խորհրդարանական ընտրությունների արդյունքում Հայաստանում կատարվել է թղթային հեղափոխություն, այսինքն՝ նրա համոզմամբ՝ հնարավոր չէ, որ ՀՀԿ-ն հավաքած լինի ձայների 44 տոկոսը:
Բանախոսը նաև ընդգծել է, որ եթե ոչինչ չփոխվի, նույն բանը կլինի նաև նախագահական ընտրությունների ժամանակ. «Զուտ ընտրություններով ՀՀ-ում իշխանություն չի փոխվի, այլ հարկավոր են վճռական քայլեր. «Հայաստանում առանց լուրջ ցնցումների իշխանություն չի փոխվի»:
Անդրդադառնալով ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնի՝ Հայաստան կատարելիք այսօրվա այցին և այս գիշեր Տավուշի մարզի Չինարի գյուղում դիվերսիոն հարձակման դեպքին՝ քաղաքագետը նշել է, որ կարևոր այցերից առաջ ադրբեջանական կողմը մշտապես դիմում է նման քայլերի:
«Այս ճանապարհով Ադրբեջանը ցույց է տալիս, որ ստատուս-քվոն ձեռնտու չէ իրեն ու շանտաժի է ենթարկում: Ադրբեջանում փորձում են ցույց տալ, որ եթե որևէ բան չփոխվի, իրենք դիմելու են նման կեղտոտ տեխնոլոգիաների»,- կարծում է Ե.Բոզոյանը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում