Կարո՞ղ են հրաբուխները վերացնել կյանքը Երկրի վրա
Նմանատիպ
Մոտ 75 հազար տարի առաջ Ինդոնեզիայի Սումատրա կղզում ժայթքեց Տոբա հրաբուխը։ Ըստ որոշ մարդաբանների՝ օդ նետված միլիոնավոր տոննա մոխրի պատճառով մոլորակի մի զգալի մասում սկսվեց հրաբխային ձմեռ, ինչի հետևանքով վաղ մարդկությունը կանգնած էր ոչնչացման եզրին. տարբեր գնահատականներով այս իրադարձության հետևանքով մարդկանց թիվը մոլորակի վրա կրճատվեց՝ հասնելով կրիտիկական 10 հազարի։
Թեև ոչ բոլոր գիտնականներն են համաձայն, որ իրադարձությունները զարգացել են նման ապոկալիպտիկ սցենարով, սակայն երկու ճամբարներն էլ՝ և՛ կողմնակիցները, և՛ թերահավատները, կասկած չունեն, որ հրաբուխներից բխող վտանգը իսկապես չափազանց լուրջ է:
Երբ հալվում են քարերը
«Հրաբուխ» բառը մեզանից շատերը, հավանաբար, պատկերացնում են այնպիսի գեղատեսիլ լեռ, ինչպիսին Էլբրուսն է, ճապոնական Ֆուջի լեռը կամ իսլանդական Էյաֆյալայոկուլը, որը 2010 թվականին աղմուկ բարձրացրեց մամուլում, հատկապես իր անվան պատճառով:
Բայց տերմինի գիտական սահմանումը չոր է և զուրկ որևէ գրավչությունից. գիտնականները հրաբուխ են անվանում Երկիր մոլորակի վրա բոլոր այն կետերը, որտեղ մագման հասնում է երկրակեղևի մակերեսին:
Պարզ ասած, ամեն հրաբուխ չէ, որ լեռ է, և ամեն սար հրաբուխ չէ: Օրինակ, այսպես կոչված ճեղքվածքային հրաբուխներ կարելի է գտնել Իսլանդիայում, Մեքսիկայում և Նոր Զելանդիայում: Որոշ դեպքերում այդ ճեղքերը կարող են հասնել տասնյակ կիլոմետրերի: Որոշ հրաբուխներ իրենց ներկայիս վիճակում իրականում լճեր են, որոնք առաջացել են խառնարաններում կամ ավազաններում, որոնք մնացել են ժայթքումներից հետո: Կամչատկայի Կուրիլ լիճը դրանցից մեկն է։
Բայց եթե գիտնականները քիչ թե շատ պայմանավորվել են, թե որն է կոչվում հրաբուխ, ապա հարցը, թե դրանցից որն է համարվում ակտիվ, իսկ որը` հանգած, դեռ վիճելի է:
Սկզբում գործող հրաբուխներն այն հրաբուխներն էին, որոնք առնվազն մեկ անգամ ժայթքել էին «պատմական ժամանակներում»: Այս սահմանում, սակայն, թերի է. որոշ շրջաններում մարդիկ վաղուց են ապրել, մյուսները համեմատաբար վերջերս են բնակեցվել: Ի վերջո, ամբողջ մոլորակի համար ընտրվել է մեկ ժամանակային միջակայք՝ 10 հազար տարի: GVP տվյալների բազան (անգլերենից – Global Volcanism Program), որը վարում են Սմիթսոնյան ինստիտուտի (ԱՄՆ) մասնագետները, նշում է 1328 հրաբուխների ժայթքումներ վերջին 10 հազար տարում․ սրանք այն հրաբուխներն են, որոնք գիտականորեն համարվում են ակտիվ:
Սակայն կա մի համգամանք․
Վերջին տարիներին ավելի ու ավելի շատ փորձագետներհակվում են այն մտքին, որ հրաբխի ակտիվ կարգավիճակը կարելի է որոշել միայն բոլոր գործոնների համադրման ճանապարհով։
Կան հրաբուխներ, որոնք ժայթքում և ակտիվության նշաններ են ցույց տալիս ամեն 15 րոպեն մեկ՝ հազարավոր տարիներ շարունակ, և կան հրաբուխներ, ինչպես օրինակ ամերիկյան Յելոուսթոն սուպերհրաբուխը, որի ժայթքումների միջև կարող են ընկնել հարյւուր հազարավոր տարիներ։ Բայց այն ևս համարվում է ակտիվ հրաբուխ։
Ինչպես է ձևավորվում հրաբուխը
Երկրի ընդերքում ջերմաստիճանը շատ բարձր է․ օրինակ, 100 կմ խորության վրա ժայռերը տաքանում են մինչև 1300-1500°C: Որքան ավելի մոտ մոլորակի կենտրոնին, այնքան ավելի բարձր է ջերմաստիճանը: Սակայն խորության աճով մեծանում է նաև լիթոստատիկ ճնշումը (այն ուժը, որով ապարները ճնշում են ստորին շերտերին), ինչը նշանակում է, որ նյութի հալման կետը նույնպես մեծանում է։ Արդյունքում ոչ միայն երկրակեղևը, այլև դրա հիմքում ընկած շերտերը գտնվում են պինդ վիճակում, բայց որոշակի պայմաններում սկսվում է դրանց հալման գործընթացը։
1982 թվականին գիտնականներ Քրիստոֆեր Նյուհոլը և Սթիվեն Սելֆը առաջարկեցին ստեղծել հրաբխային պայթյունավտանգության ինդեքս (VEI): Սա հնարավորություն տվեց համակարգել հրաբխային ժայթքումները և համեմատել դրանց ուժը երկու հիմնական պարամետրերի տեսանկյունից՝ հրաբխային արտադրանքի ծավալը և մոխրի սյունակի բարձրությունը:
Որքան ուժեղ է ժայթքումը, այնքան բարձր է նրա VEI ինդեքսը: VEI 7 ժայթքումները (հրաբխային արտադրանքի ծավալը գերազանցում է 100 կմ3-ը) անվանվել են գերհզոր, իսկ VEI 8-ը (ծավալը ավելի քան 1 հազար կմ3)՝ մեգահզոր։
Զանգվածային մշակույթում այս գիտական տերմինները առանձնապես չեն արմատավորվել, փոխարենը BBC հեռուստատեսության անձնակազմը հորինեց Yellowstone ֆիլմի նկարահանումների ժամանակ՝ «սուպերհրաբուխ» տերմինը, որը լայն կիրառում ստացավ:
«Սուպերհրաբուխ» տերմինը շատ գիտնականների մոտ հառաչանք են առաջացնում: Ասում են, որ այն դեռ չունի խիստ գիտական սահմանում․ պարզ չէ, թե որ հրաբուխներին է անհրաժեշտ որակել այս տերմինով։
Այդուհանդերձ, նույնիսկ գիտական հանրության մեջ աստիճանաբար ձևավորվում է ավանդույթ՝ սուպերհրաբուխներ կոչել այն վայրերը, որոնց ժայթքումը ունակ է մեկ ժամում դուրս նետել ավելի քան հազար խորանարդ կիլոմետր լավա և մոխիր (VEI 8):
Մեր մոլորակի վրա կան տասնյակ վայրեր, որտեղ նախկինում նման մեծության աղետներ են տեղի ունեցել։ Դրանք նշվում են կալդերաներով՝ հսկա ավազաններով, որոնք առաջացել են այն բանից հետո, երբ մագմայի խցիկը դատարկ է եղել, և վերևում ընկած լիթոսֆերայի շերտերը փլվել են առաջացած խոռոչի մեջ:
Այնուամենայնիվ, նույնիսկ ավելի քիչ ուժգնության ժայթքումները՝ VEI 6 կամ 7 մակարդակի, կարող են առաջացնել տեղական էկոլոգիական աղետներ, լուրջ վնաս հասցնել մարդկանց և որոշ դեպքերում հանգեցնել ամբողջ պետությունների անհետացման: Միևնույն ժամանակ, հիմնական սպառնալիքը, տարօրինակ կերպով, չի գալիս լավայից. ըստ հրաբխագետ Սառա Բրաունի և նրա գործընկերների, ժայթքումների զոհերի 1%-ից պակասը մահանում է լավայի հոսքերի պատճառով:
Շատ ավելի վտանգավոր են պիրոկլաստիկ հոսքերը, լահարները, ինչպես նաև մոխիրը, որը խցանվում է մարդկանց ու կենդանիների թոքերը և թույլ չի տալիս նրանց շնչել։ Բացի այդ, ժայթքումները կարող են առաջացնել ցունամիներ, որոնք լուրջ խնդիր են դառնում ափամերձ տարածքների համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում