Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

Էյֆելյան աշտարակ՝ սիրո քաղաքի ոչ այնքան սիրված սիմվոլը

1889 թվականի մարտի 31-ն էր, կոնստրուկտոր Գուստավ Էյֆելը Փարիզում աշտարակի գագաթին բարձրացրեց Ֆրանսիայի դրոշը։ Աշտարակը, որը պիտի կրեր Էյֆելի անունն, այդ պահին մոլորակի ամենաբարձր շինությունն էր:

Էյֆելյան աշտարակի շինարարությունը

Էյֆելյան աշտարակն աշխարհի ամենահայտնի կառույցներից է: Այն թվում է ժանգոտ մետաղական կոնստրուկցիա, բայց պարզվում է՝ մենք շատ քիչ բան գիտենք այս աշտարակի մասին. իրականում այն շատ հարուստ պատմություն ունի: Փարիզը բարձունքից տեսնելը շքեղություն էր ռոմանտիկների համար: Սիրո քաղաք հռչակված Փարիզ շատերն էին գալիս Էյֆելյան աշտարակի գագաթից քաղաքը տեսնելու համար: Վերելակներն աշտարակում կառուցվել էին այն խնամելու և հարկ եղած դեպքում բարեկարգելու համար: Սակայն շուտով այն դառնում է իսկական բիզնես կենտրոն:

Մինչ այդ մի հետաքրքիր դիպված. Երկրորդ համաշխարհային պատերզմի ժամանակ, մինչև Փարիզը գերմանացիներին հանձնելը, ֆրանսիացիները դիտմամբ անպիտան են դարձրել գործող վերելակը, որպեսզի թշնամիները չկարողանան բարձունքից հիանալ իրենց նվաճմամբ, բայց…Հիտլերն, այնուամենայնիվ, հասնում է աշտարակի գագաթ՝ բարձրանալով ոտքով:

Ժամանակին ճարտարապետներն ու հարակից ոլորտների մասնագետները դեմ են եղել աշտարակի կառուցմանը: Ոմանք այն ոչ գրավիչ կառույց էին համարում, ոմանք դա հակաէսթետիկ և ճարտարապետական կանոններից դուրս օբյեկտ էին համարում, ոմանք էլ կարծում էին՝ այդ դառնալու է պատեհ վայր ինքնասպանների համար:

Սակայն շինության բարեկարգման ժամանակ միայն մեկ հոգի է վայր ընկել, թեև բարձրությունն այլ կանխատեսումների ու սպասելիքների տեղիք էր տալիս, իսկ դեպքից մի քանի տարի անց վերարկու-պարաշյուտի ստեղծողը որոշել է փորձարկել իր գյուտն Էյֆելյան աշտարակի վրա, բայց փորձը փորձանք է դարձել. նա աշտարակի երրորդ հարկից թռել է ու զոհվել է:

Աշտարակը գեղեցիկ է գիշերը, երբ լուսավորված է: Ցերեկն այն սովորական մետաղական կոնստրուկցիա է հիշեցնում: Իրականում այն ժանգագույն մետաղ չի: Հինգ տարին մեկ աշտարակի գույնը փոխվում է, ինչի համար օգտագործվում է շուրջ 60 տոննա ներկ:

Սխալ է պատկերացումը նաև նրա չափերի մասին: Ամռանն աշտարակը 18 սմ ավելի բարձր է, քան ձմռանը: Պատճառը մետաղի ընդարձակումն է՝ բարձր ջերմաստիճանով պայմանավորված:

Աշտարակը պետք է 20 տարվա կյանք ունենար և ապամոնտաժվեր համաշխարհային ցուցահանդեսից հետո: Մինչ այդ 20 տարվա ավարտը ֆրանսիացիներն ատում էին աշտարակն ու կարծում, որ այն տգեղ է և կապ չունի Փարիզի հետ: Բայց այն ի վերջո դառնում է աշխարհի ամենաշատ այցելվող վայրերից մեկը և Ֆրանսիայի սիմվոլը:
Տարիների ընթացքում աշտարակը դառնում է իսկական բիզնես կենտրոն՝ գովազդային վահանակներով, բազմաթիվ վերելակներով, լաբորատորիաներով, կինոթատրոնով, ռեստորանով…

Անգլիացի գրող և նկարիչ Ուիլյամ Մորիսը սիրում էր ճաշել այդ ռեստորանում մեկ հիմնավորմամաբ՝ «Սատանան տանի, այդ ռեստորանը Փարիզում միակ տեղն է, որտեղից չի երևում այդ ոչնչությունը»՝ Էյֆելյան աշտարակը։

«Ես լքեցի Փարիզն ու անգամ Ֆրանսիան, քանի որ Էյֆելյան աշտարակն ինձ չափազանց ձանձրացրել էր։ Այն ոչ միայն տեսանելի է քաղաքի ցանկացած կետից, այլ նաև հանդիպում է քեզ՝ ամեն քայլափոխին. այն պատրաստված է բոլոր հնարավոր հումքերից և հետապնդում է քեզ բոլոր ցուցափեղկերից՝ որպես անքակտելի, տանջող մղձավանջ»:

Գի դը Մոպասանին «տանջող մղձավանջը» հայտնվում է նաև Չեխովի «Ճայը» պատմվածքում հետևյալ ձևակերպմամբ՝ «Մոպասանը փախչում էր Էյֆելյան աշտարակից, որը ջախջախում էր նրա ուղեղը՝ իր գռեհիկությամբ» Աշխարհին հիացրած Էյֆելյան աշտարակը չէր հիացնում նաև Օսկար Ուայլդին: Նա կարծում էր՝, որ Էյֆելյան աշտարակը խանգարում է տեսնել, ճանաչել ու սիրել Փարիզը:

Էյֆելյան աշտարակի կրկնօրինակը Գորիսում

«Շրջվեք աշտարակից ու ամբողջ Փարիզը կբացվի ձեր առաջ։ Նայեք աշտարակին ու Փարիզը կանհետանա» Գեղեցիկ է Էյֆելյան աշտարակը, թե ոչ, յուրաքանչյուր այցելու իր կարծիքն ունի: Այդ կարծիքներից անդին փաստ է՝ Էյֆելյան աշտարակը բազմաթիվ կրկնօրինակներ ունի աշխարհով մեկ՝ Լաս Վեգասում, Մեխիկոյում, Բեռլինում Հանչժոուում, Լիոնում, Սիդնեյում, Բլումֆոնտեյնում, նույնիսկ…Գորիսում և այլուր:
Ավելին՝ Էյֆելյան աշտարակն այնքան է սիրվել, որ 2007-ին մի կին ամուսնացել է աշտարակի հետ:

Իսկ եթե դուք դեռ չեք ամուսնացել ու չեք գտել ձեր կյանքի սիրուն, այցելեք Փարիզ՝ համ Էյֆելյան աշտարակը կտեսնեք, համ կզգաք աշխարհի սիրո մայրաքաղաքի սիրառատ շունչը…կամ պարզապես այցելեք Գորիս։

Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ

Հետևեք մեզ նաև Telegram-ում