Էջմիածնում նշվել է սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակի տոնը
Նմանատիպ
Հունիսի 4-ին Հայաստանյայց Առաքելական Ս. Եկեղեցին տոնեց սուրբ Հռիփսիմյանց կույսերի հիշատակը: Տոնը մեծ հանդիսավորությամբ նշվեց Վաղարշապատում, Ս. Հռիփսիմե վանքում:
Առավոտյան Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից եկեղեցականների խաչվառազարդ թափորը «Անձինք նվիրեալք» շարականի երգեցողության և Վաղարշապատի Հայորդյաց տան սաների թմբուկների զարկերի ներքո ուղղվեց դեպի Սուրբ Հռիփսիմե վանք: Տոնի առիթով հավատավոր ժողովրդի խոնարհումի և օրհնության համար դուրս էր բերվել նաև Մայր Աթոռում պահվող սուրբ Հռիփսիմեի մասունքն ամփոփող Աջը, որը կրում էր Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի լուսարարապետ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանը: Թափորի մեջ էին Հայ Եկեղեցու աշխարհասփյուռ թեմերից միաբանական համագումարի առիթով Մայր Աթոռ ժամանած Սուրբ Էջմիածնի միաբանները, Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության, Երուսաղեմի Հայոց Պատրիարքության և Կոստանդնուպոլսի Հայոց Պատրիարքության ներկայացուցիչները:
Պատարագիչը Տ. Սահակ աբեղա Շաքարյանն էր (Արցախի թեմ): Օրվա խորհրդի շուրջ քարոզեց Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսության միաբան Տ. Մակար ծայրագույն վարդապետ Աշկարյանը:
«…Մեր հավատքի նախակարապետները` Ս. Հռիփսիմյանց կույսերը, անտեսելով ամեն ինչ, որ վերաբերում է աշխարհին, անձնական կյանքը զոհելով, անտեսեցին փառքը, պատիվը, հարստությունն ու վայելքը, որովհետև հավատում էին Քրիստոսի տված խոստմանը, որ հավիտենական կյանքն էր: …Նրանք, իրենց վարդաբույր արյունը հեղելով Մայր Հայրենիքի հողում, նախակարապետները հանդիսացան, որպեսզի Հայաստանի հողի վրա քրիստոնեությունը դառնա պետական կրոն: Ս. Հռիփսիմյանց կույսերը անտեսեցին ժամանակավորը, իրենց հայացքն երկնքին հառեցին և ոչ թե երկրին: Մեր սիրելի նահատակ կույսերը, որոնց տոնն է այսօր, միացան Քրիստոսին և անմահացան և այսօր իրենց օրինակով մեզ հրավիրում են` անտեսելու աշխարհում ամեն տեսակ դժվարություն և տառապանք», – նշեց Հայր Մակարն իր քարոզում: Հայր Սուրբը հորդորեց ներկա հավատավոր հայորդիներին` ս. Հռիփսիմյանց կույսերի շնչով մեկ անգամ ևս վերանորոգել իրենց ուխտն առ Աստված և հավատքով խնդրել, որ սրբերի բարեխոսությամբ հայոց կյանքը լցվի աստվածային օրհնություններով:
Սուրբ Պատարագի ավարտին վանքի բակում, ներկայությամբ բազում ուխտավորների, կատարվեց Անդաստանի արարողություն, որի ընթացքում նահատակ ս. Հռիփսիմեի Աջով օրհնվեցին աշխարհի չորս կողմերը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում