Վարդգես Սուրենյանց. «Սալոմե»-ի «բնորդուհին», նվերը Այվազովսկուն և ցուցահանդեսը Բաքվում
Նմանատիպ
Լեզվաբան, նկարիչ, քանդակագործ, թարգմանիչ, արվեստի քննադատ…այս շարքը կարելի է երկար շարունակել ու ավելացնել՝ նա տիրապետել է 10 լեզվի և հիմնադրել ազգային պատմանկարչությունը: Խոսքը Վարդգես Սուրենյանցի մասին է:
Մի օր մեծանուն նկարչի հայրն Այվազովսկու հետ Բախչիսարայ է մեկնում՝ իր հետ վերցնելով փոքրիկ Վարդգեսին: Ճանապարհին պատանին խանական պալատի էսքիզներ էր անում, որոնցում Այվազովկսին նկատել է նրա մեծ տաղանդը: Սա Վարդգես Սուրենյանցի նկարչական ուղու առաջին քայլն էր: Սուրենյանցն իր այդ շրջանի նկարաշարը նվիրել է Այվազովսկուն:
Վարդգես Սուրենյանցի կտավներում սիմվոլիզմի տարրերը գերիշխում են: Յուրահաուկ սիմվոլիզմ կա նաև նրա գույներում:
Օրինակ՝ «Սալոմե» կտավը մոխրաշագանակագույնի բազմերանգ խտացում է՝ հարուստ միստիկայով ու սիմվոլներով: Չնայած կերպարի հպարտ հայացքին՝ ընդհանուր պատկերը յուրահատուկ քնքշանք ու կանացիություն է հաղորդում հերոսուհուն: Սալոմեն, ի դեպ, կերպար է Նոր կտակարանից։ Ըստ Մարկոսի և Մատթեոսի ավետարանի՝ Հերովդեսն իր եղբայր Փիլիպպոսի կենդանության օրոք ամուսնացել էր նրա կնոջ՝ Հերովդիայի հետ։ Հովհաննես Մկրտիչն այդ միությունը համարում էր անօրինավոր: Հերովդիան էլ ամուսնուն համոզում է նրան ձերբակալել։ Հերովդեսի ծննդյան տարեդարձին, Հերովդիայի գեղեցկուհի աղջկա՝ Սալոմի պարն այնքան է դուր գալիս Հերովդեսին, որ նա խոստանում է նրան նվիրել ինչ կամենա: Սալոմեն էլ մոր ուղորդմամբ ցանկանում է Հովհաննես Մկրտչի գլուխը։ Շուտով սկուտեղի վրա դրված Հովհաննես Մկրտչի գլուխը հանձնում են Սալոմեին։ Կտավում, սակայն, բացակայում է Հովհաննես Մկրտչի գլուխը:
Նույնպիսի երանգների ամբողջություն է նաև «Շամիրամը Արա Գեղեցիկի դիակի մոտ» կտավը: Շամիրամն այս կտավում, ասես, դեմոնիզմի տարր լինի:Նա արտաքուստ խաղաղ է, բայց նկարիչն այնպիսի կերպար է ստեղծել, որ նույնիսկ նկատելի է նրա ներաշխարհը, որում իսկական պայքար ու վիշտ կա:
Այս երկու կտավներն, ի դեպ, կարելի է տեսնել Հայաստանի ազգային պատկերասրահում։
«Հազվագյուտ բարոյական արժանիքներով էր օժտված Սուրենյանցը նաև որպես մարդ, որպես քաղաքացի և որպես հասարակական գործիչ: Լինելով խոշորագույն նկարիչ և խանդավառ հայրենասեր` նա Թիֆլիսում Փանոս Թերլեմեզյանի հետ համախմբում է հայ կերպարվեստագետներին և հիմնադրում Հայ նկարիչների ընկերություն: Այն տարիներին դա իսկական հոգևոր սխրագործություն էր: Բարձր կուլտուրայով կատարված նրա լավագույն գործերում ուժեղ տրոփում է Հայաստանի սիրտը, դրա համար Վարդգես Սուրենյանցը կապրի այնքան, որքան կապրի հայ ժողովուրդը» – Մարտիրոս Սարյան
«Ջարդից հետո» կամ «Կույսերի կոտորածը». այս կտավը կարելի է համարել «Ոտնահարված սրբություն» կտավի տարբերակ: Սա իսկական մեսիջ է կտավը դիտողին ուղղված՝ ցույց տալու հայ ժողովրդի բնաջնջման՝ թուրքական կառավարության քաղաքականությունը: Այս կտավը ևս Հայաստանի ազգային պատկերասրահի ֆոնդում է:
Մոտավորապես նույն մեսիջն է կրում «Ոտնահարված սրբություն» կտավը, որի հիմքում 1895-ին Վանի Վարագա Սուրբ Նշան վանքի կողոպուտն է: Այն ներկայացված է Հայաստանի ազգային պատկերասրահում՝ մշտական ցուցադրությամբ:
Պատմական թեմատիկայով նրա գեղանկարներից Հայաստանի ազգային պատկերասրահում է պահվում «Զաբել թագուհու վերադարձը», որը հայտնի է նաև «Զաբել թագուհու թագադրությունը» անվամբ:
Սուրենյանցի կտավներն այսօր իսկական թափառականներ են: Դրանց կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած ծայրում: Բայց Սուրենյանցի կյանքի օրոք միակ ցուցահանդեսը կազմակերպվել է Բաքվում, թեև այդ ժամանակ տարածաշրջանի մշակութային կենտրոնը Թիֆլիսն էր:
«Երաժշտության մեջ` Կոմիտաս, գրականության մեջ Թումանյան ունեցող ժողովուրդը կերպարվեստում էլ Վարդգես Սուրենյանց ունեցավ. ժամանակով Կոմիտասի և Թումանյանի տարեկիցը, գործով` նույն ժողովրդանվեր միսիայի երախտավոր մշակը» – Վահան Հարությունյան
Սուրենյանցը՝ որպես թարգմանից բազմաթիվ համաշխարհային գործեր է թարգմանել հայերեն, որոնց թվում են նաև Շեքսպիրի սոնետները, բայց հայ մեծանուն նկարչի գործունեության մասին պատմությունս ուզում եմ ամփոփել խիստ այժմեական մի բանաստեղծության քառատողով, որը գրել է Հենրիխ Հայնեն, թարգմանել՝ Վարդգես Սուրենյանցը.
Սիրտս ճնշված է, հոգիս պղտորված,
Անցյալ դարերը միտքս են ընկնում,
Երբ հյուրընկալ էր, զվարթ էր աշխարհ,
Մարդս էլ հանգիստ էր ապրում աշխարհում…
Գոհար ՊԵՏՐՈՍՅԱՆ
Հետևեք մեզ նաև Telegram-ում