ՀՀ ԱԳՆ. «Հակառակորդի սադրանքների բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա»

Հայ-թուրքական հարաբերությունների վերաբերյալ կարող եմ ևս մեկ անգամ հայտարարել, որ բանակցություններ չկան, չեն էլ կարող լինել, բանակցություններն ավարտվել են, որոնց արդյունքում ստորագրվել են արձանագրություններ, որոնք այսօր Թուրքիան չի ցանկանում հարվել և իրականացնել ինչ-ինչ նախապայմաններ առաջ քաշելով: Այդ մասին ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնի հետ համատեղ ասուլիսի ընթացքում ասել է ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: «Չեմ կարծում, որ Թուրքիան իրավունք ունի նախապայմաններ առաջ քաշելու, հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պետք է լինի առանց նախապայմանների, դա միջազգային հանրության մոտեցումն է, ինչի մասին ասաց նաև տիկին քարտուղարը, և նաև մեր մոտեցումն է», – նշել է Նալբանդյանը:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած ողբերգալի միջադեպին՝ արտգրոծնախարարն ասել է, որ մենք «խստորեն դատապարտում ենք այն կոպտագույն սադրանքները, որ կազմակերպվել են ադրբեջանական կողմից Հայաստանի-Ադրբեջանի սահմանին, որոնք պետք է ցավով նշեմ, արդյունք են դարձել զոհերի, վիրավորների, չբավարարվելով նրանով, որ փաստորեն ամեն օր խախտումներ են կատարում ադրբեջանցիները շփման գծում Լեռնային Ղարաբաղի հետ, իրենք փորձում են տեղափոխել լարվածությունը, սրել իրավիճակը նաև Հայաստանի և Ադրբեջանի սահմանին, որը բավական վտանգում է բանակցային գործընթացը և ոչ միայն, վտանգում է նաև տարածաշրջանային կայունությունը: Ինչի բոլոր հնարավոր հետևանքների պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի վրա», – ասել է Նալբանդյանը:

Հետևեք մեզ նաև Telegram-ում