Հիլարի Քլինթոն. «ԱՄՆ-ն դրական է գնահատում խորհրդարանական ընտրություններում արձանագրված դրական առաջընթացը
Նմանատիպ
Նախագահական նստավայրում կազմակերպած ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ համատեղ ասուլիսում տարածաշրջանային այցով Երևան ժամանած ԱՄՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարեց, որ շատ ուրախ էր լսելու միջազգային դիտորդների բավականին դրական զեկույցները Հայաստանում կայացած վերջին ընտրությունների մասով.
«Ուրախ եմ, որ բոլոր թեկնածուները կարողացել են հիմնականում նորմալ կերպով անցկացնել իրենց նախընտրական ծրագիրը: Ճիշտ է, խնդիրներ էլ են հայտնաբերվել, բայց հուսանք, որ Հայաստանը կշարունակի ԵԱՀԿ և այլ կառույցների հետ աշխատելը և կապահովի, որպեսզի հաջորդ ընտրությունները էլ ավելի նորմալ անցնեն»,- նշեց Հ.Քլինթոնն ու հավելեց, որ ԱՄՆ-ն դրական է գնահատում այն առաջընթացը, որ արձանագրվել է, ու խրախուսում է լրացուցիչ բարեփոխումներ այդ ոլորտում:
Ընդգծելով, որ քսան տարի առաջ Հայաստանը նոր էր ձեռնամուխ եղել ժողովրդավարական երկիր կառուցելու ու շեշտելով, որ մեծ առաջընթաց կա, Հ.Քլինթոնը նշեց, որ այդ գործընթացը դեռ չի ավարտվել:
«Դա մի գործընթաց է, որ չի ավարտվում մեկ ընտրություններով կամ մեկ կոնկրետ քայլով: Մենք հուսով ենք, որ Հայաստանը կշարունակի ուժեղ քայլեր ձեռնարկելու իր ժողովրդավարական ինստիտուտները հզորացնելու, կաշառակերությունը արմատախիլ անելու, մարդու իրավունքների պաշտպանությանն աջակցելու և այլնի համար»,- մեջբերում է ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքերը Panorama.am գործակալությունը:
Հետևեք մեզ նաև Telegram-ում