Ադրբեջանական կողմը հայտնում է իր 5 զոհերի մասին
05/06/2012 11:59
Նմանատիպ
Ադրբեջանական «APA» գործակալությունը, հղում անելով հանրապետության պաշտպանության նախարարությանը, տեղեկացնում է, որ հայտնի են դարձել իբր այս գիշեր Գանձակի շրջանում տեղի ունեցած մարտի արդյունքում 5 սպանված ադրբեջանցի զինվորների անունները:
Տեղեկատվության համաձայն՝ նրանք են՝ Ալիև Ամիլ Նովրուզը (1988թ.), Ազիզով Խալիդ Մատլաբը (1993թ.), Բագիրով Վահիդ Ինտիգամը (1993թ.), Ատաշլի Զուլֆուգար Վելին (1993թ.) և Իսմայիլով Էլչին Ալովսատ (1993թ.):
Ըստ աղբյուրի չորս զինծառայողները մահացել են մարտի ժամանակ, իսկ մեկն իբր սպանվել է հայ դիպուկահարի գնդակից։
Հիշեցնենք, որ ՀՀ ՊՆ մամլո ծառայությունից տեղեկացրել են, որ երեկ ադրբեջանական կողմը հերթական անգամ կոպտորեն խախտել է շփման գծում հաստատված հրադադարի ռեժիմը` փորձելով ներթափանցել ՀՀ Տավուշի մարզի Բերդավան և Չինարի գյուղերի ուղղությամբ տեղակայված հայկական հենակետեր: Մարտի ժամանակ զոհվել են երեք հայ զինծառայողներ և վիրավորվել են 6-ը: Թշնամու կողմը երեկ նշում էր, թե իբր իրենք ոչ մի զոհ չունեն և իբր հայկական կողմն է դիվերսիա կազմակերպել:
Նշենք նաև, որ այս օրերին տարածաշրջանային այցով Հայաստանում է գնտվում նաև ԱՄՆ պետքարտուղար Հիլլարի Քլինթոնը, ով իմանալով տեղի ունեցած դեպքի մասին, նշել է. «Ես տխրեցի վերջին զարգացումների հետ կապված: Ուժի կիրառումը չի կարող լուծել ղարաբաղյան հակամարտության խնդիրը, ուժը պետք է բացառվի…Վաղը չէ մյուս օրը կլինեմ Բաքվում և լուրջ հարցեր ունեմ տալու Ադրբեջանի ղեկավարին: Ես և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հավատացած ենք, որ ԼՂ հարցի լուծումը հնարավոր է միայն խաղաղ ճանապարհով և այդ ուղղությամբ ճանապարհ պետք է գտնվի»:
Հետևեք մեզ նաև Telegram-ում