Տնտեսվարողները կարող են սահմանին ազատվել ԱԱՀ–ից
Նմանատիպ
ՀՀ Ազգային ժողովը նախատեսում է որոշ տնտեսվարողների, որոնք ներմուծում են եգիպտացորեն, սոյայի պտուղներ և սոյայի որոշակի մնացորդներ, ազատել ավելացված արժեքի հարկից։
«Կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող` ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ԱԱՀ–ից» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին նախագիծը ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստին ներկայացրեց ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը։
«Նշված ներմուծվող ապրանքները հիմնականում օգտագործվում են թռչնամիս արտադրելու համար կերի պատրաստման գործընթացում։ Արտադրական այս շղթայում մեր տնտեսվարողներին ԱԱՀ–ից ազատելը դրական ազդեցություն կունենա և հնարավորություն կտա ավելի մրցունակ գին ստեղծել։ Թռչնամսի մասով մենք ինքնաբավ չենք, բավական ցածր մակարդակի վրա է։ Փոփոխության միջոցով մենք ցանկանում ենք մեր արտադրողներին հնարավորություն տալ, ստեղծել ավելի մրցունակ ինքնարժեք ունենալ»,– ասել է Գևորգյանը։
Նրա խոսքով` թռչնամսի ինքնարժեքի զգալի մասը ձևավորվում է կերից, և ԱԱՀ–ն սահմանին չգանձելու պարագայում հնարավորություն է ստեղծվում ֆինանսական առումով ավելի դրական վիճակում լինել, երբ հերթը հասնում է արտադրության փուլին։ Գևորգյանը շեշտեց, որ ԱԱՀ–ն կգանձվի իրացման փուլում։
Հետևեք մեզ նաև Telegram-ում