Վրաստանն ավելի քան 46 մլն եվրո կստանա Համաշխարհային բանկից
Նմանատիպ
Համաշխարհային բանկը Վրաստանին 46,3 մլն եվրոյի չափով վարկ կհատկացնի երկրի կանաչ և կայուն զարգացման քաղաքականության առաջին գործառնության շրջանակներում:
Ըստ Վրաստանի ֆինանսների նախարարության՝ միջոցները կուղղվեն՝ աջակցելու կանաչ և կայուն զարգացմանը, կայուն գյուղատնտեսությանը, ոռոգմանը և հողի շուկայի զարգացմանը:
Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի և Վրաստանի միջև համապատասխան վարկային համաձայնագրերն ստորագրել են ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլին և Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի հարցերով տարածաշրջանային տնօրեն Սեբաստիան Մոլինեուսը։ Ծրագիրը ներառում է կլիմայի փոփոխության պարտավորություններ (անտառների կայուն կառավարում, արդյունաբերական արտանետումների կառավարում, վերականգնվող էներգիայի արտադրություն), պայմանական պարտավորությունների և ֆիսկալ ռիսկերի (ֆինանսական վերահսկողության ընթացակարգեր և պետական ձեռնարկությունների կառավարման ձևեր) մեղմացում, հողից, ջրից և ֆինանսներից օգտվելու հնարավորության (տարածական տվյալների ազգային ենթակառուցվածք, վճարային համակարգեր և վճարային ծառայություններ) բարելավում:
Վրաստանի «Կայուն գյուղատնտեսություն, ոռոգում և հող» նախագիծը նախատեսում է ֆինանսական միջոցների հատկացում 69,3 մլն եվրոյի չափով։ Ծրագրի հիմնական նպատակն է բարելավել ոռոգման ու դրենաժային ծառայությունները և գյուղատնտեսական արտադրությունը Կախեթում, Շիդա և Քվեմո Քարթլիում, Մցխեթ-Մթիանեթում և Սամեգրելո-Զեմո Սվանեթում: Նախագծով նախատեսված են ներդրումներ ոռոգման ոլորտում, հողատարածքների և գյուղատնտեսության ոլորտում, ինչն ինքնին կնպաստի երկրի գյուղատնտեսության զարգացմանը։
Վրաստանը Համաշխարհային բանկի անդամ է դարձել 1992 թվականի օգոստոսի 7-ին։ Այդ ժամանակից ի վեր Համաշխարհային բանկը տրամադրել է արտոնյալ վարկեր և փոխառություններ՝ վրացական տնտեսության տարբեր ոլորտներում շուրջ 4,3 միլիարդ դոլար ընդհանուր գումարի հարյուրից ավելի նախագծեր ֆինանսավորելու համար:
Հետևեք մեզ նաև Telegram-ում